Thursday, April 26, 2012

Կրոնի ստրուկների «ձայնը»

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
1990-ականների «կրոնական բեսպրեդելի» դարաշրջանը, երբ հոգեորսության տարազան ուսմունքներն ակտիվորեն ներթափանցեցին դպրոցներ, իսկ բուհերումաղանդավորների հավաքագրման կենտրոնների համար հատուկ աշխատասենյակներ էին տրամադրվում, մեր քաղաքացիներին «զգուշավորության» վարժեցրեց։ Բայց չնայած դրան, տարբեր հաշվարկներով՝ կրոնի զավակների բանակում մոտ 350 հազար մարդ է հաշվվում։
Անվիճելի է, որ սա հսկայական և էական թիվ է (նկատի ունենալով Հայաստանի բնակչության թվաքանակը)։ Այնքան էական, որ, օրինակ, աղանդավորները կարող են հեշտությամբ ազդել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա, քանի որ միայն նրանց ձայները կարող են ապահովել ԱԺ 25%-ը։ Սա գիտակցում են նաև կրոնական կազմակերպությունների առաջնորդները (հոգևոր հովիվները), որոնք հօգուտ իրենց գրպանի փորձում են ավելի թանկ վաճառվել այս կամ այն քաղաքական ուժին։
Եվ ուրեմն։ Վերջին ժամանակներս գալիք ընտրությունների հետ կապված՝ աղանդավորական «մրջնանոցում» չտեսնված ակտիվացում է նկատվում։ Կրոնի զավակները նույնպես պատրաստվում են շահել, և ոչ միայն մի կտոր հանապազօր հաց, այլ՝ երշիկն էլ հետը։ Ավելին, «Աստծո նշանի տակ» ՍՊԸ-ում արդեն ղեկավարվում են չվաստակելը մեղք է սկզբունքով։ Եվ արդեն հայտնի է, որ աղանդավորական կառույցների հոգևոր հովիվները, որոնց ենթարկվում է ողջ հոտը, սկսել են ապագա ընտրողների ձայները վաճառել կուսակցությունների ղեկավարներին։ Ի դեպ, ասում են, որ կրոնի ստրուկների ձայների առքուվաճառքի գործընթացն սկսվել է դեռ կես տարի առաջ, երբ կրոնական ճյուղերն ակտիվորեն բանակցություններ էին վարում կուսակցությունների առաջնորդների հետ։ Ցավոք, տեղեկատվությունն այն մասին, թե որ կուսակցությունն է հատկապես ակտիվորեն համագործակցում աղանդավորական կառույցների հետ, իրավասու կառույցները չեն բարձրաձայնում։ Առայժմ չեն բարձրաձայնում։ Սակայն, կարծում եմ, դա ընդամենը ժամանակի հարց է։
Թեև քչերն են կասկածում, որ հայ աղանդավորները նախընտրում են «տրվել» ընդդիմադիրներին։ Այս մասին են վկայել նաև Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտի պատվերով անցկացված հարցումների տվյալները։ Պարզվում է նաև, որ բոլոր հարցվածները, որոնք պատկանում են այս կամ այն կրոնական հոսանքին, մտադիր են գալիք ընտրություններում աջակցել մեկ կոնկրետ ուժի։ Որի՞ն։ Ցավոք, այդ կազմակերպությունը հրաժարվում է (իմա՝ չի համարձակվում) ասել, թե հօգուտ որ ուժի են քվեարկելու աղանդավորները, և նշում է միայն, որ այդ ուժը պատկանում է ընդդիմադիր ճամբարին և, համաձայն նույն այդ հարցումների՝ խորհրդարան անցնելու բոլոր հնարավորություններն ունի; Անցնող ընդդիմադիր ուժերի թվում կազմակերպության ղեկավար Լևոն Անդրեասյանը նշեց ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը։
Թե ինչու է տեղեկատվությունն աղանդավորների մասին «քողարկվում»՝ շատ անհասկանալի է։ Առավել ևս անհասկանալի է, որ կուսակցությունների որոշ անդամներ չեն թաքցնում և չեն հերքում աղանդավոր ընտրողների հետ իրենց սերտ համագործակցությունը։ Մասնավորապես, խոսքը ԲՀԿ անդամ Հրանտ Մադաթյանի մասին է, որը, տեղի մամուլի տեղեկություններով, Սևանում բավական սերտ հարաբերություններ է հաստատել «Եհովայի վկաներ» կազմակերպության հետ և օգնում է նրանց։
Իսկ ընդհանրապես, կրոնի ստրուկների «ձայների» հետ կապված՝ իրավիճակն այնքան էլ անմեղ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Այնպես որ, այ հասարակ ժողովուրդ, պինդ մնա՛. հոգեորսությամբ զբաղվողները՝ շղթայված «գաղափարով», կրկնապատկված ուժով են «վրա տալու» մեզ ինչպես փողոցներում, այնպես էլ մեր սեփական բնակարաններում (իրենց անսպասելի այցելություններով ու բարի ավետիսներով)՝ մեր ձեռքը խոթելով ոչ միայն միակ ճշմարիտ Աստծո, այլ նաև միակ ճշմարիտ կուսակցության գրականությունը։            
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»

No comments:

Post a Comment