Monday, April 30, 2012

Լոուրենս Արաբացի. «Այդ անտանելի հայերը»

Բրիտանական լեգենդար հետախույզ ԼոուրենսԱրաբացին` Թոմաս Էդուարդ Լոուրենսը(1888-1935) արևելագետ էր, ՄեծԲրիտանիայի «Ինտելիջընս սերվիս» գաղտնիծառայության գործակալ: Կազմակերպել ևուղղորդել է արաբների 1916-1918 թթ.ապստամբությունը թուրքերի դեմ: Ամերիկացիլրագրող Լինկոլն Սթեֆենսը ԼոուրենսԱրաբացու հետ հարցազրույցը, որիցհատվածներ ենք ներկայացնում ստորև,համարում է ամենաարտասովորն իր ամբողջլրագրողական կյանքի ընթացքում: Մի մարդ,որ նպաստել է Իրաքի թագավորությանստեղծմանը, մասնավոր զրույցներում մնացել էնույնքան առեղծվածային, որքան իրքաղաքական ակտիվության շրջանիհրապարակումներում: Հարազրույցը գրի էառնվել 1919 թ. Փարիզի խաղաղությանխորհրդաժողովի ժամանակ, առաջին անգամհրապարակվել է 1931 թ. «Աութլուք ընդ ինդեփենդենթ» ամսագրում և արդիականությունը չի կորցրել մինչ օրս:
Իր սենյակում էր, այն հյուրանոցում, որտեղ ապրում էր նա, ինքս էի խնդրել տեսակցությունը, և իմ նպատակն էր այդ կայսերական հետախույզից մի բան իմանալ Փոքր Ասիային և Մերձավոր Արևելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Եվ կարծում էի, թե ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն կռահեցի, որ նա էլ իր նպատակն ուներ` իմ ուղեղը լցնել հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ բրիտանական քարոզչությամբ: Մի տեսակ ցնցված էի: Ապշած էի և բավական  վրդովված` մտածելով, որ  որոշ  պատճառներ կան, որոնք հուզում են ինձ` սկզբունքորեն անկախ մարդուս, թե ինչո՞ւ մենք` ամերիկացիներս, պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերի մասին հոգալու և ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից և հենց իրենցից էլ, այլև` կարծես մեզ էլ մեզնից և նրանցից: Ինձ նման իր գործն իմացող, ձախողակ երազողի համար ազգերի մեջ ամենանվաստացածն անդիմադրելի հմայք ուներ և ունի: Այդ էլ ասացի նրան:
Երկար դադարից հետո միակ խոսքը, որ ասաց, այս էր`լավ: …Կարծում էր, թե մենք` ամերիկացիներս, չափից ավելի իդեալիստ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: Ուստի մեկս մյուսին կարող ենք շտկել. մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք` մեզ համար:

Saturday, April 28, 2012

Սերժ Սարգսյան. Հակառակորդն արժանի պատասխան կստանա

Հակառակորդն արժանի պատասխան է ստանալու սահմանին տեղի ունեցած միջադեպերի համար: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` ապրիլի 27-ին, Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Friday, April 27, 2012

Մենք պահանջում ենք ճանաչում,բայց ոմանք այն անարգում են:

Լրացավ  Հայոց  Ցեղասպանության 97-րդ տարելիցը:Սա 20-րդ դարի մարդկության հանդեպ կարատված ամենածանր հանցագորությունն է,և պետք է աշխարհը ճանաչի պատմական արդարությունը: ԲԱՅՑ...........

Այն ինչին ես ականատես եղա ապրիլի 24-ին ծիծեռնակաբերդ գնալիս,ուղակի խայտառակություն էր:
Առաջինը վիրավորական էր այն,որ տեսնում ես ծիծաղող <<ՊՈՊ ԿՈՌՆ>> ուտող և բարձր հրհռացող դեմքեր,որոնք ուղակի գնում են <<ԵՂԵՌՆ>>,կամ չիմնանալով դա ինչ է,կամ էլ  դատելով նրանց դեմքի արտահայտությունից  ուղակի հասկանում ես,որ տեսնում ես, ոչ թե ցեղասպանություն ապրած ժողովրդի սերնդի,այլ  խրախճանքի գնացող մի խելագար ամբոխի:

Ծանր է Հայ մարդու,առավելևս ջարդերի ժամանակ հարազատներ կորցրած մարդու համար նման անհարգաից վերաբերմունքը:
Աբսուրդը կայանում էր նրանում,որ նյութապաշտը այնքան է լկտիացել,որ ապրիլի 24 ին իր գրապնը լցնելու համար հանդգնել է <<ՍՐՏԻԿ- ԹՌՉՈՂ ՓՈՒՉԻԿՆԵՐ >>վաճառել,կամ էլ  ծիծեռնակաբերդի տարածքը վերածել տոնավաճառի:

Thursday, April 26, 2012

Կրոնի ստրուկների «ձայնը»

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
1990-ականների «կրոնական բեսպրեդելի» դարաշրջանը, երբ հոգեորսության տարազան ուսմունքներն ակտիվորեն ներթափանցեցին դպրոցներ, իսկ բուհերումաղանդավորների հավաքագրման կենտրոնների համար հատուկ աշխատասենյակներ էին տրամադրվում, մեր քաղաքացիներին «զգուշավորության» վարժեցրեց։ Բայց չնայած դրան, տարբեր հաշվարկներով՝ կրոնի զավակների բանակում մոտ 350 հազար մարդ է հաշվվում։
Անվիճելի է, որ սա հսկայական և էական թիվ է (նկատի ունենալով Հայաստանի բնակչության թվաքանակը)։ Այնքան էական, որ, օրինակ, աղանդավորները կարող են հեշտությամբ ազդել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա, քանի որ միայն նրանց ձայները կարող են ապահովել ԱԺ 25%-ը։ Սա գիտակցում են նաև կրոնական կազմակերպությունների առաջնորդները (հոգևոր հովիվները), որոնք հօգուտ իրենց գրպանի փորձում են ավելի թանկ վաճառվել այս կամ այն քաղաքական ուժին։
Եվ ուրեմն։ Վերջին ժամանակներս գալիք ընտրությունների հետ կապված՝ աղանդավորական «մրջնանոցում» չտեսնված ակտիվացում է նկատվում։ Կրոնի զավակները նույնպես պատրաստվում են շահել, և ոչ միայն մի կտոր հանապազօր հաց, այլ՝ երշիկն էլ հետը։ Ավելին, «Աստծո նշանի տակ» ՍՊԸ-ում արդեն ղեկավարվում են չվաստակելը մեղք է սկզբունքով։ Եվ արդեն հայտնի է, որ աղանդավորական կառույցների հոգևոր հովիվները, որոնց ենթարկվում է ողջ հոտը, սկսել են ապագա ընտրողների ձայները վաճառել կուսակցությունների ղեկավարներին։ Ի դեպ, ասում են, որ կրոնի ստրուկների ձայների առքուվաճառքի գործընթացն սկսվել է դեռ կես տարի առաջ, երբ կրոնական ճյուղերն ակտիվորեն բանակցություններ էին վարում կուսակցությունների առաջնորդների հետ։ Ցավոք, տեղեկատվությունն այն մասին, թե որ կուսակցությունն է հատկապես ակտիվորեն համագործակցում աղանդավորական կառույցների հետ, իրավասու կառույցները չեն բարձրաձայնում։ Առայժմ չեն բարձրաձայնում։ Սակայն, կարծում եմ, դա ընդամենը ժամանակի հարց է։
Թեև քչերն են կասկածում, որ հայ աղանդավորները նախընտրում են «տրվել» ընդդիմադիրներին։ Այս մասին են վկայել նաև Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտի պատվերով անցկացված հարցումների տվյալները։ Պարզվում է նաև, որ բոլոր հարցվածները, որոնք պատկանում են այս կամ այն կրոնական հոսանքին, մտադիր են գալիք ընտրություններում աջակցել մեկ կոնկրետ ուժի։ Որի՞ն։ Ցավոք, այդ կազմակերպությունը հրաժարվում է (իմա՝ չի համարձակվում) ասել, թե հօգուտ որ ուժի են քվեարկելու աղանդավորները, և նշում է միայն, որ այդ ուժը պատկանում է ընդդիմադիր ճամբարին և, համաձայն նույն այդ հարցումների՝ խորհրդարան անցնելու բոլոր հնարավորություններն ունի; Անցնող ընդդիմադիր ուժերի թվում կազմակերպության ղեկավար Լևոն Անդրեասյանը նշեց ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և Հայ ազգային կոնգրեսը։
Թե ինչու է տեղեկատվությունն աղանդավորների մասին «քողարկվում»՝ շատ անհասկանալի է։ Առավել ևս անհասկանալի է, որ կուսակցությունների որոշ անդամներ չեն թաքցնում և չեն հերքում աղանդավոր ընտրողների հետ իրենց սերտ համագործակցությունը։ Մասնավորապես, խոսքը ԲՀԿ անդամ Հրանտ Մադաթյանի մասին է, որը, տեղի մամուլի տեղեկություններով, Սևանում բավական սերտ հարաբերություններ է հաստատել «Եհովայի վկաներ» կազմակերպության հետ և օգնում է նրանց։
Իսկ ընդհանրապես, կրոնի ստրուկների «ձայների» հետ կապված՝ իրավիճակն այնքան էլ անմեղ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Այնպես որ, այ հասարակ ժողովուրդ, պինդ մնա՛. հոգեորսությամբ զբաղվողները՝ շղթայված «գաղափարով», կրկնապատկված ուժով են «վրա տալու» մեզ ինչպես փողոցներում, այնպես էլ մեր սեփական բնակարաններում (իրենց անսպասելի այցելություններով ու բարի ավետիսներով)՝ մեր ձեռքը խոթելով ոչ միայն միակ ճշմարիտ Աստծո, այլ նաև միակ ճշմարիտ կուսակցության գրականությունը։            
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»

Աղանդավորները սպառնում են, որ իրենց խաբեության առթիվ քրեական գործեր չբացվեն

Օրեր առաջ թերթերից մեկն անդրադարձել էր «Խորան միջազգային քրիստոնեական» եկեղեցու «ակտիվ» գործունեությանը: Ըստ այդմ` սույն աղանդը գլխավորող Հրաչյա Խաչատրյանն իր հետևորդներից ոսկյա իրեր է վերցնում ու խոստանում իբրև դրա վրայի չար ուժերը հանել, ինչից հետո ոսկյա զարդերն իրացնում է շուկաներից մեկում:
Փորձեցինք այս աղանդի գործունեության վերաբերյալ տեղեկություններ ճշտել «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանից: 

«Ինչպես «Կյանքի խոսք»-ը կամ «Աստծո դեսպանատուն»-ը, սա խարիզմատիկ եկեղեցիներից է, որի հիմնական գործունեության տեսակը խաբեությունն է»,- ընդգծեց Ամարյանը:
Վերջինիս մեկնաբանմամբ` խարիզմատիկ եկեղեցիների հետևորդները մարդկանց մոլորության մեջ են գցում և յուրացնում նրանց թանկարժեք իրերը կամ գումարները:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Ազգային երիտասարդական լիգայի» փոխնախագահ Դանիել Պետրոսյանը հայտարարել է, որ Իսպանիայում ծավալում գտած այս աղանդի ներկայացուցիչները շատ ագրեսիվ են ու սպառնում «մայրուղի հանել բոլոր նրանց, ովքեր կկանգնեն իրենց դեմ»: 

Ամարյանն այս սպառնալիքները մեկնաբանեց հետևյալ կերպ. «Մարդիկ հիմա սկսել են բարձրաձայնել այդ ամենի մասին, և քանի որ նրանց գործունեությունը քրեական գործի հիմք է, դրա համար սպառնալիքներ են հնչեցնում»:

HayNews.am

Monday, April 23, 2012

«ԲԵՆԹԼԻՆ» ներելի է, ինքնաթիռը՝ ոչ. փոփ արվեստից շատերն ԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՆ, որովհետև ՇԱՀԱՎԵՏ Է

Երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյանը իր հարցազրույցներից մեկում պնդում է, որ փոփ արվեստի շատ ներկայացուցիչներ աղանդավոր են

Sunday, April 22, 2012

Հայագիտության եղեռն՝ Հայաստանում


ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՒ ՄԱՀԸ

Երբ 1993 թ. հունիսի 12-ի առավոտյան լսափողը վերցրի եւ լսեցի քրոջս ձայնը, հասկացա, որ նրա զանգը վերաբերում է մեր եղբորը` Մոնթեին: Նա մեզնից 8000 մղոն հեռավորության վրա էր, նախկին Խորհրդային Միության մի ռազմադաշտում, եւ մենք փորձում էինք նրան մի տուփ «ուոքի-թոքիներ» ուղարկել:
-«Ուոքի-թոքիները» հավանաբար պետք չեն գա,- ասաց Մայլեն սեղմված կոկորդով: Ապա նա հայտնեց, որ իմ միակ եղբայրն այդ օրը տեղի ունեցած մի փոխհրաձգության ժամանակ զոհվել էր հեռավոր Արցախի լեռների ստորոտին:
Նման տարօրինակ ճակատագիր` կարճ անդրավարտիքով այդ տղայի համար... կրտսեր եղբորս` տասնութ ամսով ինձնից փոքր, որի հետ ամառային երկար օրեր էինք անցկացրել` լողալով մեր ծննդավայր Սան Ուաքին Վելլիի (San Joaquin Valley) ոռոգման ջրանցքներում: Բայց առաջին անգամ չէր, որ ինձ լուր էր հասնում նրա մահվան մասին: Տասնհինգ տարվա ընթացքում լսել էի, որ նրան դիպուկահար է սպանել, որ նա հրանոթային արկի պայթյունի զոհ է դարձել, ռազմական սավառնակների թռիչքից առաջացած օդային հասանքները նրան թաղել են քարաբեկորների տակ, եւ նրան գնդակահարել են օդանավակայանի ոստիկանները: Այնուամենայնիվ, այս անգամ գիտեի, որ վատ լուրը ստույգ է: Ես Մայլեին տվեցի միտքս եկած առաջին երկու հարցը. որքա՞ն է տեւել նրա մահանալը: Եվ` նրան մեջքի՞ց են սպանել: Քույրս այդ հարցերի պատասխանը չուներ:
Երկու օր անց կանգնած էի Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցներում` Մայլեի, մորս, հորս եւ եղբորս լավ ընկերոջ հետ. նա Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքից էր, որտեղ մենք ապրում էինք: Մինչ քայլում էինք դեպի կառավարական հուղարկավորության վայրը, թաղմանը եկած մարդիկ սկսեցին ինձ մի կողմ քաշել ու հայտնել իրենց կասկածները. «Քո եղբորը սպանել են դարանակալներ,- ասաց մեկը.- նրան սպասում էին»: Մեկ ուրիշը պնդում էր, թե մարդասպանն իր արարքի համար վարձատրվել է, իսկ մեկն էլ` որ այդտեղ անպայման թուրքերի մատը խառն է: Հետո ներկաներից մեկը շշնջաց, որ իմ եղբայրը թակարդն էր ընկել, իսկ այդ թակարդը լարել էին ոչ թե թշնամու զինվորները, այլ իրեն մոտ մարդիկ:
Դավաճանության մասին նման խոսակցությունն անհիմն չթվաց: Տարիների ընթացքում Մոնթեն հակառակվել էր բազմաթիվ մարդկանց կամքին. ոչ միայն թուրքական, իսրայելյան, ամերիկյան հետախուզական գործակալությունների, այլեւ ծայրահեղ ազգայնական հայրենակիցների, ինքնակոչ «Գաղտնի բանակի» նախկին խմբավորումների, տեղական գանգստերների ու զորագլուխների, եւ էլ ո՞վ գիտե, թե ում: Նա թերեւս տասնյակ մահացու թակարդներից էր փրկվել: Մոնթեի մահվան «պաշտոնական» վարկածը սին միայն խորացրեց իմ կասկածները. եղբայրս` հարյուրավոր մարտերի փորձառու վետերանը, ինչպես ասում էին, սպանվել էր մի լքված գյուղում` գնալով թշնամու տանկի ուղղությամբ ու հակառակորդին իր մարդկանց տեղը դնելով: Իմ կասկածների համար պարարտ հող էր նաեւ այն, որ Հայաստանում անհասկանալի հանգամանքներում սպանվել էին մի քանի ռազմական ու քաղաքական գործիչներ: Անկախ նրանից` այդ մարդիկ դարձել էին իշխանության համար պայքարի թե «ընտանեկան բիզնեսի» վարձած հրազենի զոհեր, պարզ էր մի բան. նրանց սպանողներն ականապատ դաշտերի մյուս կողմում գտնվող թշնամիները չէին: Բայց եթե Մոնթեին դավաճանել էին, ապա հարց էր ծագում. բազմաթիվ թեկնածուներից ո՞վ կարող էր դա արած լինել:
Աչքերիս առջեւ նորից սկսեցին ուրվագծվել այն պատկերները, որոնք ես տարիներ շարունակ աշխատել էի ինձնից հեռու վանել: Ահա Մոնթեն` «Սարո» մականունով, Իրանական Քրդստանում նայում է ավազապարկերի արանքից: Ապա` դարձյալ Մոնթեն` «Աբու Սինդի» մականունով, Բեյրութում, Յասիր Արաֆաթի հետ կողք-կողքի, կոտորակառումբերի տարափի տակ: Հետո` Մոնթեն որպես կալանավոր թիվ 752783, միայնակ` Փարիզից դուրս գտնվող մութ բանտախցում: Այնուհետեւ նորից հայտնվում է Մոնթեն, այս անգամ` «Տիմոթի Շոն Մաք Քորմիք» մականունով. նա գազով ըմպելիքների շշեր է հավաքում փողոցում, Սլոբոդան Միլոշեվիչին` խելահեղ ուղի բռնած Հարավսլավիայի նոր ղեկավարին զորակից հանրահավաքից հետո: Վերջապես` հրամանատար Ավոն` Արցախի հեռավոր լեռներում, զրահի ծռմռված բեկորներով ծածկված մարտադաշտում, հեռադիտակով նայելիս:
Թաղման առավոտյան, 1993 թ. հունիսի 19-ին, դիահերձարանի աստիճանների վրա մեզ հանդիպեց արկի պայթյունից ցնցակաթված ստացած մի զինվոր: Նա գիշերն այնտեղ էր անցկացրել` ինքն իրեն պահակ նշանակելով ու քարե աստիճանների վրա ջղաձգորեն ննջելով: Նա ողբում էր ու շարունակ հայհոյում: Մենք բարձրացանք աստիճաններով ու մտանք սառնություն շնչող կամարի տակ: Մոնթեի մարմինը` նոր, քողարկաներկված զինվորական համազգեստով, դրված էր անմշակ տախտակներից պատրաստված մի ոչ խոր դագաղի մեջ, մետաղյա դարակի վրա: Դիահերձող կինը նրա գլուխը, հոնքերից վեր, փաթաթել էր վիրակապով` ծածկելու համար աջ քունքի խոր վերքը. այդտեղ էր մեկ շաբաթ առաջ թափանցել արկի բեկորը` փշրելով գանգը: Մեկն ասաց, որ գլուխն այդպես փաթաթելուց հետո որպես հարվածի միակ նշան մնացել է դիմացի վերին կոտրված ատամը: Բայց ես գիտեի, որ դա վերքի հետ կապ չուներ. քսան տարի առաջ, Կալիֆոռնիայի Սիերրա Նեվադա լեռներում, այն լճակի մոտ, ուր Մոնթեն սիրում էր լողալ, մի ժայռի վրա նա սայթաքել-ընկել էր ու ատամը կոտրել:
Նույն առավոտյան, ավելի ուշ, Մոնթեի ութ զինակից ընկերներ ինքնաձիգներն ուսերից հանեցին` դագաղը տանելու համար: Մենք նրանց հետեւեցինք դեպի «Սպայի տուն»` Երեւանի կենտրոնում: Չորս ժամ շարունակ, մինչ դահլիճում միապաղաղ հնչում էր դուդուկը, հուղարկավորությանը եկած հազարավոր մարդիկ, շատերը` ցնցոտիավոր, խմբերով անցնում էին դագաղի մոտով: Մաշված բաճկոններով գործազուրկ բանվորներ, սովահար գյուղացիներ, ռազմահագուստով զինվորականներ` բոլորը եկել էին իրենց հարգանքի վերջին տուրքը մատուցելու երեսունհինգամյա զորահրամանատարին, որին նրանք գիտեին որպես Ավո: Եկել էին նաեւ Հայաստանի նախագահն ու նրա նախարարները, երկրի խոշոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հյուրեր` Իրանից, Լիբանանից, Սիրիայից ու Ֆրանսիայից: Դահլիճ մտնելուց առաջ ռուս սպաներն իրենց գլուխներից զինվորական գլխարկները հանեցին: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Հարրի Գիլմորը եկավ այն ժամանակ, երբ զոհվածի հարազատներին տարել էին մի սենյակում թեյ խմելու: Նա գնացել էր` նախքան մենք նորից դահլիճ կմտնեինք:
Համաձայն Los Angeles Times-ի` այդ կեսօրին դագաղի հետեւից փողոցներով գնացող մարդկանց թիվը եղել էր մոտ 100000: Տեղացի լրագրողները չափազանցեցին` մասնակիցների թվաքանակը հասցնելով քառորդ միլիոնի. բայց ո՞վ կարող էր հաշվել, թե Հանրապետության հրապարակում որքան մարդիկ էին ամբոխվել` այդ առիթով նորոգված ու լվացված փողոցներով դագաղը տանող զրահամեքենային հետեւելու համար: Ո՞վ կարող էր հաշվել բոլոր նրանց, ովքեր շարվել էին դեպի բլրի վրա գտնվող գերեզմանոցը տանող վեց կիլոմետրանոց ճանապարհի եզրերին. այն բլրի, որն ասես կետագծված է Խորհրդային Միության փլատակների վրա պայթած ամենադաժան պատերազմի զոհերի գերեզմանաքարերով: Իսկ քանի՞ հազար հոգի էին նրանք, ովքեր ժամեր շարունակ արեւի տակ կանգնեցին գերեզմանի շուրջը, որի վրա մարդկային կրծքի բարձրությամբ մեխակներ ու կարմիր վարդեր էին դիզվել:
Լրատվական ծառայությունների լուսանկարներն ամերիկացիների աչքին հավանաբար ներկայացան սոսկ որպես կովկասյան հերթական` անարտասանելի անունը կրող աշխարհագրական վայրի բազմամարդ տեսարաններից մեկը: Բաց գերեզմանի եզրին կանգնած քահանան թրի նման ճոճում էր իր սրածայր կնգուղը, մինչ սեւազգեստ ծեր կանայք ողբում էին, իսկ հազիվ խոսել սկսած փոքր երեխաները գլուխները կախել էին: Չսափրված հայրերը, որոնք արդեն սգացել էին իրենց սպանված որդիների համար, սգացին կրկին: Ես պարպեցի Մոնթեի ինքնաձիգի մեջ մնացած քսանմեկ փամփուշտները` կրակելով օդ եւ գիտակցելով, թե եղբայրս որքան դեմ կլիներ նման վատնողական, աննպատակ ու վտանգավոր ցույցին: Խնկի ծուխը գալարաձեւ բարձրանում էր երկինք...
Մոնթեն Հայաստանում շատ քիչ էր խոսել իր կյանքի մասին: Ուստի զարմանալի չէր, որ նրա շուրջը բազմաթիվ ասեկոսեներ կային. թե նա կռվել է Թեհրանի ու Բեյրութի փողոցներում, Քրդստանի ու Աֆղանստանի լեռներում, խոսակցություններ` սրճարաններում ռումբերի, Հունաստանում ու Իտալիայում սպանության դավերի եւ Ֆրանսիայում բանտարկյալների խռովության մասին: Կար նաեւ մութ խոսակցություն` Աթենքում ավտոմեքենայի հետեւի նստարանին սպանված մի դեռահաս աղջկա մասին: Սակայն թվում էր, թե ոչ ոք չի կարող ասեկոսեները վերածել մի կապակցված պատմության: Պատահել էր, որ երբ մի համառ լրագրող փորձել էր խորհրդավոր հրամանատարի մասին իմանալ ճշմարտությունը, Մոնթեն շուռ էր եկել ու հեռացել` ասելով. «Իմ մասին շատ բան չունիմ ըսելու, օքե՞յ: Ով որ կճանչնա` կճանչնա... Կարեւորն այն է, որ Արցախի խնդիրը հասկնանք... եւ բան մը ընենք...»:
Կյանքի վերջին տարիներին, երբ զինվորական պարտականություններն ամբողջովին կլանել էին նրան, նա իրեն նկարագրելը թողել էր ուրիշներին: Նորաթուխ Ադրբեջանի Հանրապետության խոսնակներից մեկը Վաշինգտոնում Մոնթեին ներկայացրել էր որպես «հանցավոր անցյալ ունեցող ահաբեկիչ»: Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի աշխատակիցները նրան համարել էին ազգային անվտանգության համար սպառնալիք, իսկ FBI-ի մի գործակալ, որի խոսքերը հրապարակել էր Los Angeles Times-ը, Մոնթեին նկարագրել էր իբրեւ պարզապես մարդկանց սպանել սիրող մի վարձկանի: Հարավային Կովկասի լեռնաբնակները նրան սուրբ էին հայտարարել` կոչելով «մեր սուրբ տղա», իսկ New York Times-ի լրագրողը հիշատակել էր մի հայի, որը նրան անվանել էր «մեր երբեւէ ունեցած լավագույն աստվածը»:
Հուղարկավորությանը եկած քիչ մարդկանց էր, սակայն, հայտնի, որ «Ավո» մականունով հրամանատարը ժամանակին եղել էր հնագիտության բաժնի` բազում լեզուների տիրապետող ուսանող, որը հրաժարվել էր Օքսֆորդի համալսարանում իր կրթությունը շարունակելուց` հանուն հեղափոխական Իրանում եւ պատերազմից բզկտված Լիբանանում իր հայրենակիցների պաշտպանության համար կռվելու: Է՛լ ավելի քչերը գիտեին (եւ դա նրանց հավանաբար չէր հետաքրքրի), որ իրենց հերոսը նաեւ, «փոքր քաղաքների» Կալիֆոռնիայում, եղել էր խոստումնալից բեյսբոլիստ (Little League-ի «փիթչեր»), որի նետած գնդակները թռչում էին աներեւակայելի արագությամբ:
Վերջին անգամ ես եղբորս ողջ տեսել էի 1991-ի ամռանը, երբ եկել էի Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն` հրաբխային ժայռի մեջ փորված մի հին մատուռում նրա ու նրա հարսնացուի գլխավերեւում խաչ պահելու: Հարսանիքից մի քանի օր հետո Խորհրդային Հայաստանը Խորհրդային Միության հետ անհետացավ քարտեզներից: Այդ այցելության ժամանակ 1981 թվականից հետո եղբորս առաջին անգամ էի տեսնում. տասը տարի շարունակ մեր կապի միակ ձեւը եղել էին թղթատարների ու բանտային գրաքննիչների միջոցով փոխանցվող նամակները: Բացառություն էր 1989-ին Ջեորջիա նահանգի Աթենք քաղաքի մի հանրային հեռախոսից Հարավային Եմենում գտնվող` «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» (PLO) գրասենյակ տված զանգը: Ես հեռախոսի մեջ գցել էի հարյուր ութ հատ քառորդ դոլլարանոց եւ այնտեղ կանգնեցի քսան րոպե` մինչ ուշացումով տեղ հասնող մեր բառերը մի օվկիանոսի կամ մայրցամաքի ինչ-որ կետում բախվում էին իրար: Հակառակ աղմուկին` զվարթ ձայնն այնուամենայնիվ հնչեց սովորականի պես, ասես դա լսել էի նաեւ նախորդ օրը. «Հե՛յ, ի՞նչ կա»,- ծոր տվեց Մոնթեն` կարճ անդրավարտիքով նույն տղան:
Իրականում Մոնթեն փոխվում էր` վերածվելով տարբեր անձնավորությունների. տարբեր անձնագրերով եւ բնակության տարբեր վայրերում: Չգիտեմ, թե ինչպես` նա հրամանատար էր դարձել չորս հազար մարտիկների, որոնք մաս էին կազմում «նախկին Խորհրդային Միությունում կռվող` պատերազմից ամենից շատ դաժանացած ու ամենամոլեռանդ դրդապատճառներով առաջնորդվող ուժի», ինչպես որ Լեռնային Ղարաբաղի բանակը որակել էր անհամակիր մի լրագրող: Եվ այդուհանդերձ, նրա մահվանից մոտ երեք ամիս առաջ, մի ճակատամարտի նախօրյակին, PBS-ի համար Մոնթեի հետ հարցազրույց վարած լրագրողը նրան նկարագրել էր իբրեւ «բարեկիրթ կալիֆոռնիացի»: Հակառակ բոլոր փոփոխություններին ու եղբորս ինձնից բաժանող օվկիանոսներին, հակառակ լռության տարիներին եւ մեր տարբեր հետաքրքրություններին ու խառնվածքներին` ես հույս ունեի, որ լրագրողը ճիշտ էր ասել:
Այն օրը, գերեզմանի մոտ կանգնած, փորձում էի հիշել, թե ի՞նչն էր խանգարել ինձ` իր միակ եղբորը, Մոնթեին այցելել նրա ամենահուսահատ տարիների ընթացքում: Կամ ի՞նչն էր խանգարել` գոնե նրան ժամանակ առ ժամանակ մի երկու հարյուր դոլլար ուղարկել, որոնք, իհարկե, նա չէր ակնկալում: Այո՛, ես զբաղված էի եղել. միշտ ստիպված եմ դրամ վաստակել: Եվ, այո՛, Մոնթեի շուրջը տարածված հակաթուրքական աղմուկը, այլեւ ազերիների ու հայերի գործած փոխադարձ գազանությունների մասին լուրերն իմ մեջ խեղդել էին վերջին հավատն այն ժողովրդի հանդեպ, որին Մոնթեն երդվել էր իր ողջ կյանքում պաշտպանել: Բայց երբ կանգնած էի նրա բաց գերեզմանի եզրին, նման արդարացումներից լավագույնն անգամ ինձ ամոթալի թվաց: Նույն հարցն ինձ ավելի ու ավելի էր տանջում. ինչպե՞ս էի կարողացել եղբորս կյանքի վերջին տասը տարիների ընթացքում ինքս ինձ համոզել, որ, շատ զբաղված լինելով, չեմ կարող հետաքրքրվել, թե նա ով է դարձել: Հուղարկավորության օրվանից ի վեր հանդիպել եմ տղամարդկանց, նաեւ մի քանի կանանց, որոնք իրենց համարում են եղբորս հրամանատարությամբ կռված զինվորներ: Ուրիշներն իրենց փողոցները, դպրոցները կամ երեխաներին կոչել են նրա անունով, կամ այն դաջել են իրենց ձեռքերին ու թեւերին: Թվում էր, թե Երեւանի չափահաս բնակիչների մոտ կեսը Մոնթեի հետ այս կամ այն կերպ առնչություն է ունեցել: Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ մի ռուս գեներալ ասաց, առանց որեւէ հիմքի, թե առաջին անգամ Մոնթեին հանդիպել էր, երբ նա Աֆղանստանում էր որպես Խորհրդային Միության դեմ կռվող մարդասպան: Մեկ ոտքը կորցրած մի կին պնդում էր, թե Մոնթեն փրկել է իր կյանքն ականապատ դաշտում: Մի գյուղացու զավակ հիշում էր նրա «զարմանալի պարզությունը»: Եվ այս ամենով հանդերձ` շատ բան մութ ու անորոշ էր մնում: Մոնթեին շրջապատում էին հակասական պատմություններ, եւ այն տպավորությունն էր ստեղծվել, թե ամեն մի պնդում ունի նույնքան համոզիչ թվացող հակառակ պնդում: Որտե՞ղ էր ճշմարտությունը. արդյոք նա զո՞ւսպ մարդ էր, թե՞ օղի չարաշահող: Կոմունի՞ստ էր մինչեւ մահվան օրը, թե՞ վերածնված ազգայնամոլ: Գերիների պաշտպա՞ն էր, թե՞ կոկորդ կտրող: Պարտաճանաչ որդի եւ եղբա՞յր էր, թե՞ իր ընտանիքին օտարացած մեկը: Քանի որ տարիների ընթացքում ասեկոսեները բազմապատկվել են, առասպելները վստահելի տվյալներից զատելու անհրաժեշտությունն ինձ համար ավելի ակնհայտ է դարձել: Որոշ ժամանակ եղբորս ուղին նաեւ իմ ուղին էր: Ես միացել էի նրան Բեյրութում, ավազապարկերի հետեւում, եւ հարավային Լիբանանում զենք էի վերցրել: Երկար չմնացի. թերեւս` մեկ տարի, ընդհատումներով: Բայց դա էլ բավական էր, որ գրավեմ FBI-ի եւ Միացյալ Նահանգների ոստիկանական բաժանմունքների ուշադրությունը: Տարիներ շարունակ լսվող հեռախոսային խոսակցություններից, բացվող նամակներից ու FBI-ի խաբեություններից հետո ես որոշ չափով գաղտնապահ եմ դարձել եւ իմ ու եղբորս կյանքի մանրամասները հրապարակելու հարցում` դժկամ: Այնուամենայնիվ, հանուն սույն պատմության, ստիպված եմ հաղթահարել գաղտնապահությունը, որ իմ երկրորդ էությունն է:
Բայց ինչպե՞ս պետք է պատմեի Մոնթեի պատմությունը, եթե նրա կյանքի վերջին տասը տարիների ընթացքում, չհաշված 1991 թ. կարճատեւ այցելությունը, բացակա էի եղել: Այս խնդրի լուծումը հնարավոր դարձավ շնորհիվ Մոնթեի այրու` Սեդայի: Իմ բացակայության տարիների մեծ մասը Մոնթեն կիսել էր Սեդայի հետ, նրան էր հաղորդակից դարձրել իր մտքերին եւ մասնակից` իր վտանգավոր ճամփորդությանը: Այսպես ես սկսեցի բացահայտել եղբորս պատմությունը:
Մոնթեն վարել էր աստանդական կյանք, ապրել տասնյակ երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով: Նա իր տարիների կեսն անցկացրել էր փախստականներով բնակեցված ետնախորշերում, պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում ու բանտերում, հեռավոր խրամատներում: Նրա ճամփորդությանը մասնակցել էին բազմաթիվ մարդիկ` լավ ու վատ, բայց նա շատ վայրեր լքել էր շտապ ու անսպասելի: Ուստի միայն տարիներ անց, ուսումնասիրությունների, հարցուփորձի ու հայտնագործությունների շնորհիվ, ես եւ Սեդան կարողացանք հետեւ ել այն քայլերին, որոնք ի վերջո նրան հասցրին ժայռոտ բարձունքի գագաթը, որտեղ նա թաղվեց ամառային այդ շոգ օրը:
Սույն գիրքն, այսպիսով, արդյունքն է իմ վեց տարվա որոնումների, երբ փորձում էի գտնել եղբորս հուղարկավորության օրը ծագած հարցի պատասխանը. ինչպե՞ս էր նա մահացել, ո՞վ էր նրան սպանել, թշնամի՞, թե՞ «բարեկամ»: Իսկ իմ ուսումնասիրության մյուս` է՛լ ավելի առաջնահերթ նպատակն էր` պարզել, թե ի՛նչ մարդ էր դարձել իմ փոքր եղբայր Մոնթեն:
hayasa.com

ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 451Թ.ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ ԱՎԱՐԱՅՐՈՒՄ

Հեփթաղների դեմ պատերազմում պարտված Հազկերտ II-ը 450 թվականի աշնան վերջերին վերադառնում է Տիզբոն և ներման խոստումով ցանկանում է հայ ապստամբներին հնազանդեցնել։ Սակայն Հազկերտի այդ խոստումները հավատ չեն ներշնչում հայրենասեր հայ նախարարներին, որի համար էլ նրանք 450-451 թվականի ձմռանը լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տանում իրենց ռազմական ուժերը համախմբելու ուղղությամբ` նախապատրաստվելով ահեղ թշնամուն դիմադրելու։
Հազկերտ II-ը հատուկ հրովարտակով բռնի կրոնափոխության առաջարկ է անում հայերին, սակայն մերժում է ստանում։ Եվ ահա Հայաստանը վերջնականապես նվաճելու և հայերին պարսիկների մեջ ձուլելու նպատակով Հազկերտը, զորավար Միհրներսեհի գլխավորությամբ, մեծ բանակ է ուղարկում Հայաստան, որը Փայտակարանի ուղղությամբ մտնում է Հայաստան և 451 թվականի ապրիլին բանակ դնում Հեր և Զարևանդ գավառների սահմաններում։
Հայրենիքի համար այդ ահեղ օրերին փաստորեն պասսիվ դիրք են բռնում Վասակ Սյունին և նրան համակիր որոշ նախարարներ։
Բացի այդ, հայոց զորքը զրկվել էր դրսից սպասվող օգնությունից, նրանց օգնության չեկան հոները, որոնք խոստացել էին, իսկ այդ հանգամանքը բավականին ծանրացրեց ապստամբների վիճակը։
Մինչև ճակատամարտ սկսելը, երկու կողմից էլ կատարվում են հետախուզական աշխատանքներ։ Թե ինչպիսի կարևոր նշանակություն է տրվել այդ ժամանակ հետախուզությանը, ցույց են տալիս Եղիշեի հետևյալ տողերը։
«...Միհրներսեհը... հարցնում և ստուգում էր, թե ընդամենը քանի մարդ կա հայոց աշխարհում Վարդանի գնդի մեջ։ Երբ... լսեց թե վաթսուն հազարից ավելի են... տեղեկություններ պահանջեց յուրաքանչյուրի քաջության մասին, կամ թե՝ նրանցից քանի՞ հոգի են սպառազեն, կամ քանի՞ հոգի են առանց զենքի լոկ աղեղնավորներ, նույնպես և վահանավոր հետևակների մասին... քանի՞սն են քաջ զինվորների պարագլուխները, որպեսզի նրանց յուրաքանչյուրի դեմ երեքը պատրաստի...։ Մինչև անգամ ամեն մեկի դրոշների մասին էլ էր տեղեկություններ հարցնում, թե զորքը քանի գնդի են բաժանելու և նրանցից ովքեր պետք է հրամանատարներ լինեն, և որ զորագլուխը որ կողմից պետք է պատերազմի մեջ մտնի, և ինչ են յուրաքանչյուրի համհարզների անունները, և քանի փողհար պետք է ձայն արձակեն գնդի մեջ։ Արդյոք (ցցապատնեշներով ու խրամատով շրջապատված) բանակ պիտի դնեն, թե արձակ դաշտում տեղավորեն, ճակատ առ ճակատ պիտի գործեն, թե համագունդ մի տեղի վրա պիտի գրոհ տան։ Նրանցից որը պետք է տատանման մեջ մնա և կամ նրանցից ո՞րը ջանք թափի՝ իր անձը մահվան ենթարկելով»1։
Պատերազմական վիճակի մասին Հազկերտ II-ին զեկուցելու նպատակով Տիզբոն է մեկնում Միհրներսեհը` պարսկական զորքերի հրամանատարությունը թողնելով Մուշկան Նյուսալավուրտին։ Վերջինս 451 թվականի ապրիլ ամսին, համախմբելով ուժերը, մի փոքր ևս առաջ է շարժվում Հայաստանի հարավում՝ Հեր և Զարևանդ գավառների սահմանագլխից։
«Այնտեղ՝ գավառում կանգ առնելով,— վկայում է Եղիշեն,— բանակ դրեց, փոս փորեց, պատնեշ շինեց, ցցապատերով փակեց և ամեն պատրաստությամբ ամրացրեց ինչպես քաղաք։ Նրա զորքերից մեծաթիվ գունդ բաժանվեց, ասպատակելով արշավեց և կամենում էր բազմաթիվ գավառներ կողոպտել։
Երբ այդ բանը լսեց հայոց զորքը, բոլոր զորականների միջից ընտրեցին Ամատունյաց ցեղից մի սեպուհի Առանձար անունով, որ իմաստությամբ և քաջությամբ լցված մի մարդ էր։ Սա երկու հազարով դուրս եկավ նրա դեմ, ջարդեց, սատկեցրեց նրա գնդից շատերին, իսկ մնացածներին փախցրեց-հասցրեց նրանց բանակը...»2։
Առանձարի ջոկատը հասնում է Արտազ գավառի Ավարայր գյուղը, ուր գտնվում էր պարսից զորքը և բանակ էր դրել Տղմուտի դաշտում։ Հենվելով այդ տեղեկությւոնների վրա և օգտվելով այն բանից, որ պարսից բանակը իր հետ ծանր բեռնավորված խոշոր գումակ է տանում, Վարդան Մամիկոնյանը շտապում է կտրել դեպի Արտաշատ տանող պարսից զորքերի ուղին:
Ռազմական երթի դուրս գալուց առաջ Վարդան Մամիկոնյանը Արտաշատում անց է կացնում հայկական զորքերի ստուգատես և, դիմելով ռազմիկներին, քաջալերում է նրանց։ Դրանից հետո հայկական զորքը Արտաշատի կամուրջով անցնելով Արաքս գետը, նրա աջ ափով, Փոքր Մասիսի արևելյան լանջերով, Մակուի մոտով, հասնում է Ավարայրի դաշտը և կանգ առնում Տղմուտ (Աղ-չայ) գետի ձախ ափին, որի աջ ափին արդեն բանակ էր դրել պարսից զորքը։
Արտաշատից մինչև Տղմուտ գետը, որ հավասար է 140-150 կմ, հեծելազորը կարող էր արագացրած ռազմերթով անցնել երեք օրում, իսկ հետևակը ոչ պակաս հինգ օրում։ Ուրեմն, հայկական զորքը Արտաշատից ռազմերթի էր ելել ոչ ուշ, քան մայիսի 20-ին կամ 21-ին։
Վարդան սպարապետի նպատակն էր հանկարծակի հարվածով պարտության մատնել պարսկական զորքերին։ Բայց մայիսի 25-ի ցերեկը Ավարայրի դաշտ էր հասել միայն հեծելազորը, որն առանց հետևակի չէր կարող ռազմական գործողություններ ծավալել։ Հայկական հեծելազորը սպասում է հետևակին, որն իր շարքերում ուներ անվարժ, դանդաղ շարժվող ռազմաշխարհազորային ուժեր։ Հայկական բանակի հետևակը Ավարայրի դաշտն է հասնում միայն մայիսի 25-ի գիշերը։ Այստեղից, իհարկե, դժվար չէ կռահել, որ հետևակը Արտաշատից ռազմերթի էր դուրս եկել հեծելազորից երկու օր շուտ։
Հակառակորդ կողմերի զորքերի քանակը և կազմը։ Պատմիչներ Եղիշեի և Ղազար Փարպեցու վկայությունները Ավարայրի ճակատամարտում մասնակցած թշնամի բանակների քանակի և կազմի մասին քիչ հավանական են թվում։ Ավարայրի ճակատամարտի դերն ու նշանակությունը ավելի ընդգծելու և մեծարելու նպատակով պատմիչներն աշխատել են ավելի վիթխարի ներկայացնել այն, բազմապատկել նրա պոտենցիալ հնարավորությունները, մեծացրել են ճակատամարտին մասնակցող բանակների քանակն ու զենքի տեսակները։
Ինչպես Եղիշեն, նույնպես և Փարպեցին վկայում են, որ Ավարայրի ճակատամարտում հայկական բանակը կազմված էր 66 հազար մարդուց, իսկ պարսկականը՝ ավելի քան 200 հազար։ Մեզ թվում է, որ այս թվերը հավաստի չեն։
Ակնհայտ է, որ Հռոմն ու Պարսկաստանը, Հայաստանը բաժանելով իրար միջև, նպատակ են ունեցել խորտակել հայոց աշխարհի հզորությունը, թուլացնել նրա պաշտպանունակությունը, նրան զրկել ռազմական ուժերից և դրանով իսկ հեշտացնել նրան կլանելը։ Այդ նպատակին հասնելու համար նրանք երեք և ավելի անգամ կրճատել են հայկական հեծելազորի քանակը։ Իսկ չէ՞ որ Արշակունիների ժամանակ Հայաստանը ուներ հզոր հեծյալ բանակ շուրջ 120 հազար մարդով։ Ն. Ադոնցը ցույց է տալիս, որ Արշակ II-ի ժամանակ սպարապետ Վասակ Մ ամիկոնյանի հրամանատարության ներքո կար շուրջ 120 հազար հեծյալ, որ պարսիկների դեմ վարած բազմաթիվ պատերազմներում մարտի դաշտ են դուրս բերվել 70, 60, 40 հազար հեծյալներից կազմված բանակներ։
Պապ թագավորի ժամանակ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարության ներքո եղել է 40 հազար մարդուց կազմված ընտրովի հեծելազոր։ Նպատի ճակատամարտում նրան հաջողվել է մոբիլիզացնել տասնյակ հազարավոր մարդկանց և բանակի թիվը հասցնել շուրջ 90 հազարի։ Սակայն պարսկական արքունիքի վարած քաղաքականության հետևանքով, մարզպանության շրջանում, հայկական հեծելազորը կրճատվել է և հասցվել մինչև 30 հազարի1։
Ըստ «Զորանամակի», հայոց 70 նախարարներից 50-ը ունեցել են շուրջ 48 հազար հեծյալ։
Այդ 50 նախարարներից, ըստ Եղիշեի, միայն քսանվեցն էր Վարդանի կողմը, որոնք, ըստ «Զորանամակի», ունեին շուրջ 14 հազար հեծյալ։ Դրանցից վեցը Ռշտունյաց Արտակը, Խորխոռունյաց Գադիշոն, Վահևունյաց Գյուտը, Գաբեղենից Արտենը, Ակեացի Ընջուղը և Ամատունյաց Մանեճը, անջատվելով իրենց նախարարական տներից, շուրջ 2000 հեծյալներով չեն մասնակցել ճակատամարտին։ Այդպիսով, սպարապետ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտի նախօրյակին ուներ շուրջ 12 հազար հեծյալ։ Սակայն, ապստամբելով պարսից պետության դեմ, նա իրավացիորեն խախտեց այդ պետության կողմից Հայաստանի վզին փաթաթած
«Զորանամակի» պահանջները և կրկնապատկեց ու եռապատկեց իր հեծելազորի թիվը։ Հենց այդ էր պատճառը, որ Եղիշեն նշում է, թե ով զենք չուներ՝ Վարդանը զենք էր տալիս, ով ձի չուներ՝ ձի։ Սակայն, ինչքան էլ ավելացներ իր զորքի թիվը, Վարդանը կարող էր հավաքագրել միայն 35—40 հազար զինվոր։ Չնայած պատմիչները չեն հիշատակում աշխարհազորայինների թվի մասին, բայց նշում են, որ նրանցից կազմված էր մի գունդ, որի հրամանատարին Վարդանը հրամայել էր չբռնանալ և ստիպողական չքաշել ռազմի դաշտ։ Այդ ժամանակվա գնդերը կազմվում էին մատյան գնդի օրինակով և իրենց կազմում ունեին ոչ ավելի, քան 10000 մարդ։
Հազկերտի հրամանով Մուշկան Նյուսալավուրտին տրվում է մատյան գունդը և այլ ընտիր զորքեր։ Հետազոտողներից շատերը, հենվելով Եղիշեի այն ցուցումի վրա, թե Նյուսալավուրտը «ամեն մի գազանի (փղի) աջ ու ձախ կողմը երեքական հազար սպառազեն պատրաստեց և ամենաընտիր քաջ զինվորականներին իր շուրջը ժողովեց...»1, նշում են, որ պարսկական բանակում կար 60 փիղ, ամեն մի փղին հաշվելով 3 հազար ռազմիկ, պարսկական բանակի թիվը հասցնում են 180 հազարի։ Մի բան, որ ճիշտ լինել չի կարող։ Նախ՝ պարսից արքունիքին հայտնի էր, որ հույների կայսր Մարկիանոսը հրաժարվել է հայերին օգնելուց և հայերի ապստամբության մասին հաղորդել էր Հազկերտին։ Պարսկական արքունիքը գիտեր նաև, որ Վիրքի ու Աղվանքի զինված ուժերը հայերին օգնության հասնել չեն կարող։ Եվ, վերջապես, նրան հայտնի էր նաև, որ հայ նախարարների շրջանում ստեղծված պառակտման հետևանքով մեծ զորաբանակ իրենց դեմ դուրս գալ չի կարող, հետևաբար, պարսկական բանակը այդքան մեծաքանակ դարձնելու հարկ չկար։
Այդուհանդերձ, պարսկական բանակն ուներ մեծ առավելություն, այդ փղերի գունդն էր։ Պարսից բանակում, սկսած Գավգամելայի ճակատամարտից մինչև Ավարայրի ճակատամարտը, փղերի գունդը կազմվել է 15 փղից։ Եվ եթե ճիշտ համարենք Եղիշեի վկայությունը, որ ամեն մի փղին կցված էր երեք հազար սպառազեն մարդ, ապա պետք է եզրակացնել, որ Ավարայրում պարսկական բանակում կար շուրջ 45 հազար ռազմիկ։
Այնուհետև, Ապահարցի (այժմ՝ Մազանդարայի գավառ), Կատշաց (այժմ՝ Թալիշի նահանգ՝ Իրանում), Գեղաց (այժմ՝ Գիլանի նահանգ) գնդերը հազիվ թե կազմակերպված լինեին մատյան գնդի սկզբունքով և կիսավայրենի լեռնցի այդ ցեղերից յուրաքանչյուրը կարողանար Ավարայրի ռազմադաշտը դուրս բերել մեկական գունդ։ Հավանական է, որ այդ գնդերի ռազմիկների թիվը այնքան փոքր է եղել, որ Եղիշեն աննպատակահարմար է համարել նշել։ Այս հաշվարկումներից հետո կարելի է ասել, որ Ավարայրի ճակատամարտում Վարդան սպարապետի 40000 մարդուց կազմված բանակի դեմ գործում էր կրկնակի անգամ ավելի, այսինքն՝ մոտ 80-90 հազար ռազմիկ ունեցող պարսկական բանակը։
Թշնամի բանակները զինված էին աղեղներով, սուսերով, նիզակներով, վահաններով, պաշտպանության համար ունեին զրահ և սաղավարտ1։
Հակառակորդների զորքերի մարտական կարգերը և մարտի վայրի ընտրումը։ Նյուսալավուրտը, ըստ Եղիշեի տեղեկության, «...կարգավորեց իր ամբողջ զորքը և ճակատը տարածեց-երկարացրեց մեծ դաշտի երկարությամբ։ Եվ ամեն մի գազանի աջ ու ձախ կողմը երեքական հազար սպառազեն պատրաստեց և ամենաընտիր քաջ զինվորականներին իր շուրջր ժողովեց. և այսպես մատյան գունդն2 ամրացրեց ինչպես մի հզոր աշտարակ և կամ մի անմատչելի բերդ։ Նշաններ բաշխեց, դրոշներ արձակեց և հրամայեց, որ մեծ փղի ձայնին պատրաստ լինեին։ Իսկ Ապահարցի գունդը և հոնաց և գեղաց գնդերր և էլի բազմաթիվ ընտիր-ընտիր զորականները մի տեղ ժողովեց և պատվեր ու հրաման տվեց իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ հայոց զորավարի...»։ Այս վկայությունից ակնառու է, որ Նյուսալավուրտը իր զորքերի համարյա կեսը կենտրոնացնում է մարտական կարգի աջ թևում, այսինքն՝ սպարապետ Վարդանի զորագնդի դեմ։
Ըստ ռազմական պլանի, մատյան գունդր պետք է գործեր մարտական կարգի կենտրոնում, իսկ ձախ և աջ թևերում Նյուսալավուրտը դնում է մյուս գնդերը։ Ամբողջ ճակատի մարտական կարգի առջևից շարժվում է այրուձին։ Երկրորդ գծի վրա գտնվում է հետևակը, որի հետևից ընթանում են մարտական փղերը՝ նրան պահպանող հետևակով։ Փղերի վրա դրված էին աշտարակներ, որտեղից նետաձիգներր նետեր էին տեղում հակառակորդի վրա և կամ որպես դիտակետ դիտում էին ճակատամարտի րնթացքը։
ղմուտ գետի աջ ափին, 15-18 կմ լայնությամբ, Նյուսալավուրտը ստեղծում է ամուր պաշտպանություն` փորելով անանցանելի փոսեր և կառուցելով պաշտպանողական պատնեշներ, ցցապատերով փակելով ու ամրացնելով իր պաշտպանության ամբողջ գոտին։ Որպես բնական արգելակ պարսկական բանակի առջևում էր վարարուն Տղմուտ գետը, իսկ աջ կողմից բնական արգելակ էին հանդիսանում Մարակերտի շրջակայքի ճահիճները, որոնք ապահովում էին պարսից զորքի աջ թևի անվտանգությունը։ Ձախից պարսկական բանակը պաշտպանվում էր Աղբակի (այժմ՝ Քուրդըստանի) բարձրաբերձ լեռնաշղթայով, իսկ թիկունքից` Նուշիրականի գավառում գտնվող դժվարանցանելի սարերով։ Բնական ու արհեստական այս ամրությունները պարսկական բանակի ճամբարի համար ստեղծում էին անխոցելի պայմաններ։
Ճակատամարտից առաջ հայկական բանակի հրամանատար Վարդան Մամիկոնյանը հրավիրեց նախարարների ու զորավարների խորհուրդ, զորքը բաժանեց գնդերի, նշանակեց նրանց հրամանատարներին և ստեղծեց մարտական կարգ։
Նկատի ունենալով այն, որ հայկական գնդերի թվի և նրանց հրամանատարների մասին պատմիչների մոտ կան տարբեր կարծիքներ, ուստի նպատակահարմար ենք համարում մեջբերել պատմիչների համապատասխան հատվածները ռազմական արվեստի տեսանկյունով այն ճշտորեն մեկնաբանելու համար։
«Իսկ քաջ Վարդանը առաջ գալով՝ հարց ու փորձ արեց մեծամեծներին,— վկայում է Եղիշեն,— և բոլորի տված խորհրդի համաձայն զորագլուխները նշանակեց այս ձևով։
Առաջին գունդը հանձնեց Արծրունյաց իշխանին և նրան նիզակակիր կարգեց Մոկաց մեծ իշխանին և ուրիշ բազմաթիվ նախարարների այս երկուսին նիզակակիր նշանակեց, և գնդի ամբողջ բազմությունը այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։
Երկրորդ գունդը հանձնեց Խորեն Խորխոռունուն, և նրան նիզակակից կարգեց Ընծայինին և Ներսեհ Քաջբերունուն։
Երրորդ գունդը հանձնեց Թաթուլ Վանանդեցուն, և նրան նիզակակից հրամայեց լինել Տաճատ Գնթունուն, և շատ քաջ մարդիկ էլ այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։
Ինքը վերցրեց չորրորդ գունդը, և իրեն նիզակակից քաջ Արշավիրին և իր հարազատ եղբայր Համազասպին»1։
Այդ մասին Ղազար Փարպեցին հաղորդում է.
«Պատերազմի ժամը հասնելով, պարսից գնդերին տեսնում էին նկատված կարգին համաձայն։ Կարգում էր և իր գունդը հայոց երանելի Վարդան զորավարը նրանց հանդեպ իրա բավական այրուձիով։ Երեք մաս բաժանելով տալիս էր ամեն մի զորապետին, աջ կողմին զորագլուխ կարգեց Արշարունյաց Կամսարական Արշավիր իշխանին, որ հայոց զորավար Մամիկոնյան սուրբ Վարդանի փեսան էր, այսինքն՝ դստեր ամուսինը, և նրան նիզակակից տվեց Դիմաքսյան ազգից մեծ իշխան Մուշին։ Ձախ կողմը տվեց Խորեն Խորխոռունուն և նրան օգնական կարգեց Հմայակ Դիմաքսյանին, իսկ ինքը՝ հայոց զորավար սուրբ Վարդանը պատրաստվեց, որ մեջտեղի վերա հարձակվի»;
Մ. Չամչյանն րնդունում է Եղիշեի կարծիքը3։ Գարագաշյանը, Լեոն, Օրմանյանը և ուրիշներ իրենց հետազոտություններում հաստատում են, որ Վարդան Մամիկոնյանը ստանձնել է Հայկական բանակի երրորդ ձախ թևի, գնդի հրամանատարությունը և գործել է պարսից բանակի մարտական կարգի աջ թևի դեմ։ Եղիշեն նշում է, որ Նյուսալավուրտը «...Բազմաթիվ ընտիր-ընտիր զորականների մի տեղ ժողովեց և պատվեր ու հրաման տվեց իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ հայոց զորավարի»։ Սակայն մարտի ընթացքի նկարագրությունից երևում է, որ Եղիշեի տվյալները հակասական են: Մեր կարծիքով, իրականությանը չի համապատասխանում նաև Ղ. Փարպեցու այն ցուցումը, թե Վարդանը եղել է ռազմաճակատի կենտրոնական մասում գտնվող գնդի հրամանատար։
Ավարայրի ճակատամարտի մանրազնին ուսումնասիրությունը մեզ բերում է այն եզրակացության, որ Եղիշեի հիշատակած չորրորդ գունդը եղել է պահեստային և մեծ դեր չկատարել այդ ճակատամարտում։ Այս հարցում էլ միանգամայն ճիշտ է Փարպեցոլ հաղորդած հետևյալ տեղեկությունը, «...մոտեցել էր արեգակի ծագելու ժամանակը, պարսից զորքերն էլ պատրաստվում էին պատերազմելու։ Մամիկոնյան սուրբ Վարդանն իրա գունդն երեք մասի բաժանելով, միջին գնդին գլխավոր կարգեց Արծրունյաց իշխանին, և մարդպետ (ներքինապետ) Միհրշապուհին, Արշարունյաց Արշավիր իշխանի, Մոկաց Արտակ իշխանի և ուրիշ մեծ նախարարների հետ։ Աջ կողմին գլխավոր կարգեց երանելի Մախազ Խորենին, Վանանդի իշխան երանելի Թաթուլի, Քաջբերունի Ներսեհի և ուրիշ մեծ նախարարների հետ։ Ձախ կողմից ինքը պատրաստվեց իրա գնդովն Առավեղենից Փափագ իշխանի և հայոց ուրիշ նախարարների հետ... Իրա եղբայր Համազասպյանին վերջապահ թողեց, պատվիրեց նրան ոչ մեկին չստիպել, այլ միայն խոսքերով հորդորել իրանց փրկության համար»1։
Սխալ կլիներ կարծել, թե Ղ. Փարպեցու այս մեջբերումը հակառակ էր նրա մյուս վկայություններին։ Փարպեցու վերը նշված տողերից երևում է, որ Վարդան Մամիկոնյանը, որը Արտաշատից ռազմերթի դուրս գալուց առաջ իր զորքերը արդեն բաշխել էր գնդերի և նշանակել նրանց հրամանատարներ,
451 թ. Ավարայրի ճակատամարտը
մարտից առաջ ընդունում է նոր մարտական կարգ և իր զորքերի ձախ թևի գնդի հրամանատարությունը վերցնում է իր վրա։ Հետևապես ճիշտ չէ Եղիշեի այն վկայությունը, թե Ավարայրի ճակատամարտում հայկական զորքի ձախ թևի երրորդ գնդի հրամանատարությունը Վարդան Մամիկոնյանը հանձնեց Թաթուլ Վանանդեցուն։
Պետք է նկատի ունենալ, որ մեր պատմիչը ամեն կերպ ձգտել է բարձրացնել իր հերոսին, չտեսնել մարտավարական նրա որոշ սխալներն Ավարայրի ճակատամարտում, ուստի և միտումնավոր կերպով Մամիկոնյանին է վերագրել չորրորդ պահեստային գնդի հրամանատարությունը։
Ավարտելով մարտ սկսելու բոլոր նախապատրաստական աշխատանքները, Վարդան Մամիկոնյանը իր ուժերը մարտական կարգի է բերում Տղմուտ գետի ձախ ափին։ Հայկական բանակի աջ թևում Կարմիր գետի հովիտն էր, իսկ հետևում` Տղմուտ, Մակու և Արաքս գետերի միջև ընկած լայնածավալ հարթ տարածությունը՝ 60-65 կմ երկարությամբ և 40-45 կմ լայնությամբ։ Այս դիրքը թեև նպաստել է հայկական հեծելազորի բացազատմանը և մարտի հաջող վարմանը, բայց թիկունքից եղել է խոցելի, որովհետև բնական խոչընդոտների բացակայությունը նպաստել է պարսկական զորքում եղած փղերի առաջխաղացմանը, իսկ հայկական բանակի նահանջի դեպքում բացասաբար անդրադարձել նրանց մանևրման և թշնամու առաջխաղացումը կասեցնելու գործում։
Հայկական զորքերի առաջին շարքերում գտնվում էին հեծյալները, նրանց հետևից ըստ գնդերի ու ջոկատների շարժվում էին նետաձիգները և պարսատիկավորները։ Վերջին շարքերում էր պահեստային գունդը՝ կազմված աշխարհազորականներից, որոնք պահպանում էին թիկունքը և գումակը։ Բանակի աջ և ձախ թևերում հետևակից առաջ գտնվում էր նախարարական հեծելազորը։
Այդպիսին էր հայկական բանակում դասավորությունը մայիսի 26-ի առավոտյան։
Ճակատամարտի առաջին փուլը։ Մայիսի 26-ին, արեգակը ծագելուն պես, պարսկական և հայկական բանակները սկսում են առաջին մարտերը։ Հայերի հմուտ նետաձիգների դիպուկ հարվածներից պարսկական գնդերը, նրանց թվում նաև «անմահների» գունդը գամվում են Տղմուտ գետի աջ ափին։ Աստիճանաբար մոտենալով հակառակորդին, հայ նետաձիգները ավելի դիպուկ և շեշտակի են դարձնում հարվածները։ «...Երկու կողմերի աղմուկն ու աղաղակր ճայթում էր ինչպես իրար խառնված ամպերի միջից,— գրում է Եղիշեն,— և ձայների դղրդյունը շարժում էր լեռների քարանձավները։ Բազմաթիվ սաղավարտները ու զրահապատված զորականների զենքերը փայլում էին ինչպես արևի ճառագայթների շողեր։ Նաև բազմաթիվ սուսերների շողալուց ու բազմախառն նիզակների ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից։ Որովհետև ո՞վ կարող է պատմել ահավոր ձայների մեծ իրարանցումը, և թե ինչպես վահանավորների թնդյունն ու աղեղների լարերի ճայթյունը առհասարակ խլացնում էին բոլորի ականջները։
Այնտեղ պետք էր տեսնել, թե ինչ մեծ տագնապ և անչափ իրարանցման աղետ կար երկու կողմերում էլ, երբ հանդուգն հարձակումով իրար էին բախվում, որովհետև թանձրամիտները հիմարանում էին ու վախկոտները վհատվում, քաջերը խիզախում էին և անվեհեր կտրիճներն աղաղակում։ Եվ ամբողջ բազմությունը իրար գլխի խմբվելով՝ գետն ամեն կողմից փակեցին, և գետի դժվարությունից վախեցած պարսից զորքն սկսեց տեղում վխտալ։ Իսկ հայոց զորքն անցավ գետը, և ձի նստած՝ մեծ զորությամբ հարձակվեց։ Ուժգին թափով իրար զարկվելով երկու կողմից էլ բազմաթիվ վիրավորներ գետին ընկած թփրտում էին»1։
Հայոց այրուձին անցնում է գետը և վճռական ու սրընթաց հարձակվում պարսիկների վրա։ Հարձակման այդ փուլում հայկական հեծելազորը փախուստի է մատնում պարսկական բանակի մարտական կարգի առաջին դիրքերում գտնվող զորամասերը։
Մարտի երկրորդ փուլում պարսկական բանակի աջ թևի գնդերը, որոնք մեծ քանակությամբ նոր ուժեր էին ստացել, ուժեղ թափով հակագրոհի են անցնում և փախուստի մատնում հայկական բանակի ձախ թևի գնդի ջոկատները։ «Այս մեծ տագնապի մեջ,— գրում է Եղիշեն,— դեպի վեր նայեց քաջ՝ Վարդանը և տեսավ, որ պարսից զորքի րնտիր-ընտիր քաջ զորականները Հայոց զորքի ձախ կողմն ընկճեցին, նա մեծ ուժով հարձակվեց այն տեղը և պարսից զորքի աջ թևը ջարդելով՝ քշեց գազանների կողմը և շուրջը պտտելով կոտորեց մինչև նույն տեղը։ Եվ այնպիսի տագնապ ու իրարանցում գցեց նրանց մեջ, որ մինչև անգամ մատյան գնդի հաստատուն կազմակերպությունը քայքայվեց, ցրիվ եկավ, և նա դեռևս պարտություն չկրած՝ փախուստ տվեց»1։
Այդ ժամանակ հայկական զորքի կենտրոնական գունդը Վահան Արծրունու գլխավորությամբ, վճռական հարձակման է անցնում «մատյան» գնդի դեմ։ Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու գնդերի համատեղ հարվածների տակ պարսկական մատյան գունդը, 140 զինվոր կորուստ տալուց հետո, դիմում է փախուստի2։
Պարսկական բանակի աջ թևի զորամասերը՝ մատյան գունդը և Վասակ Սյունեցու ջոկատները նահանջում են դեպի իրենց զորքերի կենտրոնը, ուր գտնվում էին փղերը։ Վարդան Մամիկոնյանը, նկատելով այդ, ավելի համառորեն սկսում՝ է հետապնդել նրանց։ Նույն ժամանակ հայկական բանակի աջ թևի զորքերը կատաղի մարտեր էին մղում պարսից բանակի ձախ թևի գերակշիռ ուժերի դեմ։ Այդ անհավասար կռվում հերոսի մահով զոհվում են Խորեն Խորխոռունին, Ընծայոց Արսենը, Քաջբերունյաց Ներսեհը։ Այս հրամանատարների կորուստը հուսալքում է մարտական փորձ չունեցող շատ աշխարհազորականների, որոնք դիմում են փախուստի և ապաստան գտնում աջակողմյան լեռների լանջերում։ Այս հանգամանքը թուլացնում է հայկական զորքերի մարտական կորովը:
Ճակատամարտի երրորդ փուլը։ Նկատելով հայկական աշխարհազորական գնդի փախուստը և հայերի կենտրոնական ուժերի կտրվածությունը աջ թևի զորքերից, Մուշկան Նյուսալավուրտն արագ վերականգնում է իր քայքայված զորքերի շարքերը և փղերը արագ դուրս է բերում մարտի։ Նա իր զինված ուժերը բաժանում է երկու մասի։ Փոքրաթիվ մասով կաշկանդում է հայկական զորքերի աջ ու ձախ թևերի ուշադրությունը, իսկ գլխավոր ուժերով շրջանց կատարելով ծուղակի մեջ է վերցնում Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու գնդերը։ Փոքրաթիվ հայ նիզակակիրներն արիաբար մարտնչում և մեծ կորուստ էին պատճառում թշնամուն։ Սակայն աջ և ձախ թևերի հայկական գնդերը, որոնց անցուղին փակել էին մարտական փղերը, չեն կարողանում օգնության հասնել կենտրոնական զորամասերին։ Վարդանի և Վահանի շրջապատված գնդերին, չնայած նրանց մեծ հերոսությանը, չի հաջողվում ճեղքել շրջապատման օղակը, իսկ հեռվում գտնվող հայկական գնդերի օգնության փորձերը արդյունք չեն տալիս։ Տեղի է ունենում ահեղ ու անհավասար մարտ. հայերը կռվում էին մեծ հերոսությամբ, բայց ուժերը խիստ անհավասար էին։ Մարտում զոհվում են շատերր, նրանց թվում նաև մեծ հայրենասեր Վարդան Մամիկոնյանը։
Մինչև երեկո տևած այս մարտի մասին Եղիշեն գրում է. «Այնտեղ պետք էր տեսնել նիզակների կոտրատումը և աղեղների խորտակումը, ուստի և չէին կարողանում ստույգ որոշել երանելիների սուրբ մարմինները. և սաստիկ խուճապ ու իրարանցում էր երկու կողմերի ընկածների համար։ Իսկ ովքեր (կենդանի) էին մնացել, ցիրուցան եղան ամուր ձորերի լեռնադաշտերում. և երբ պատահում էին միմյանց, դարձյալ սպանում էին մեկմեկու։ Եվ այսպես դաժան գործը շարունակվեց մինչև արևի մայր մտնելը»1։
Ճակատամարտի չորրորդ փուլը։ Տեսնելով սպարապետ Վարդան Մամիկոնյանի մահը և մնալով առանց ձեռնհաս ղեկավարի, հայկական բանակը տեղի է տալիս։ Օգտվելով երեկոյան մթությունից, նա դուրս է գալիս շրջապատումից և նահանջում։ Կազմալուծված այդ գնդերը, հեռանալով ճակատամարտի վայրից, ապաստանում են հայրենի երկրի անառիկվայրերում։ Պարսկական զորքը հետապնդում է նրանց, փորձելով ոչնչացնել բոլորին։
Ըստ Եղիշեի և Ղազար Փարպեցու, հայկական բանակը Ավարայրի ճակատամարտում կորցրեց 1026 մարդ, իսկ՝ պարսկական բանակը 3544 մարդ։
Սակայն պետք է նշել, որ այդպիսի վիթխարի բանակների՝ այդքան ահավոր մենամարտում, ուր տեղի ունեցան բազմաթիվ ձեռնամարտեր, օգտագործվեցին ժամանակի զենքի գրեթե բոլոր տեսակները, երկու կողմերից այդքան փոքր կորուստ չէր կարող լինել։
Եվ իսկապես, հայկական բանակի աջաթևյան գունդը, որն իր շարքերում ուներ մոտ 10 հազար մարտիկ, օրվա կեսին կորցրեց իր հրամանատարներ Խորեն Խորխոռունուն, Ներսեհ Քաջբերունուն և ծանր կորուստ կրեց, այլևս չկարողացավ վերականգնել իր մարտական վիճակը։ Փախուստի դիմեցին նաև՝ աշխարհազորականները։ Այնուհետև, պարսկական բանակի մարտական փղերի գունդը և նրա պահապան հետևազորը շրջապատեցին Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու գնդերը և մեծ կորուստներ տվեցին նրանց։ Ուստի մեր պատմիչների հաղորդած թվերը այդ ճակատամարտում հայկական բանակի, ինչպես նաև պարսկական բանակի կորուստների մասին ճիշտ լինել չեն կարող։ Պատմիչները այդ թվերը միտումնավոր կերպով փոքրացրել են կամ չեն կարողացել ճիշտ տվյալներ տալ։
Ավարայրի ճակատամարտում հայերը ռազմական պարտություն կրեցին, թեև տարան բարոյական հաղթանակ։ Պարտության պատճառները մի քանիսն են, դրանցից մեկն այն է, որ հարևան վրաց և աղվան ժողովուրդները ի վիճակի չգտնվեցին օգնելու հայերին։
Հայտնի է, որ 450 թվականին Խաղխաղի ճակատամարտի փառավոր հաղթանակը արդյունք էր նաև այն բանի, որ ապստամբ աղվանները միացան հայկական բանակին և Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ համառ կռվի մեջ մտան պարսից գերակշռող ուժերի դեմ։ Սակայն այդպես չեղավ Ավարայրի ճակատամարտում։ Բացի այդ, կտրելով հոնաց երկրից Հայաստան տանող երթուղիները, Հազկերտը թույլ չտվեց
Հոներին օգնելու հայերին։ Այդպիսով, Ավարայրի ճակատամարտում հայերը մնացին մենակ, առանց դաշնակցի, որը մեծ չափով նպաստեց նրանց պարտությանը։ Պարսկական
արքունիքին փաստորեն օգնեց բյուգանդական կայսրը, որը ոչ միայն օգնություն ցույց չտվեց իրեն դիմող հայերին, այլև
Հազկերտին հաղորդեց Հայաստանում նախապատրաստվող ապստամբության մասին։
Ավարայրի ճակատամարտի նախօրյակին հայ նախարարների, հոգևորականների և ազատների շրջաններում խորացավ պառակտումը և նրանք միասնաբար չկանգնեցին թշնամու դեմ։
Ավարայրի ճակատամարտում և նրանից առաջ հայերը թույլ տվեցին նաև մարտավարական սխալներ։ Պարենային պաշարների պակասության պատճառով Վարդան սպարապետը ստիպված է եղել ձմռան ամիսներին իր զորքերն արձակել տները և նրանց ետ կանչել միայն 451 թվականի ապրիլին, Ավարայրի ճակատամարտից միայն մեկ ամիս առաջ։ Ուստի, ամբողջ ձմեռվա րնթացքում ինչպես ողջ զորքը, այնպես էլ աշխարհազորականները, անհրաժեշտ չափով չեն նախապատրաստվել մարտի, ինչպես հարկն է չեն զինվել ու ռազմական վարժություններով չեն զբաղվել։ Բնական է, որ այդպիսի զորքով մարտի ելնել լավ զինված, թվական տեսակետից գերակշռող թշնամու դեմ հաղթանակ բերել չէր կարող։ Վատ էր նաև հայերի հետախուզությունը։
Հենվելով սխալ տվյալների վրա, սպարապետ Վարդանը հրաժարվել է պարտիզանական պայքարի և փոքր խմբերով մարտեր մղելու տակտիկայից և ընդունել բաց դաշտում թշնամու երկու անգամից ավելի ուժերի դեմ վճռական ճակատամարտ տալու որոշումը։
Դրան պետք է ավելացնել նաև այն, որ արագ երթով Արտաշատից մինչև Տղմուտ գետի ափը հասած հայկական բանակը առանց հանգիստ առնելու, հոգնած, մայիսի 26-ի վաղ առավոտյան անցնում է գետը և հարձակվում պարսկական բանակի վրա։
Հայկական զորքերի պարտությանը նպաստել է նաև այն, որ Վարդան Մամիկոնյանը, հետապնդելով հակառակորդին,
բացել է իր գնդի աջ թևը, որով նպաստավոր դրություն է ստեղծել պարսկական զորքի համար աքցանի մեջ վերցնելու հայոց գունդը։
Հայկական բանակի հրամանատարությունը ճակատամարտի վայրն ընտրելիս կարևոր նշանակություն չի տվել տեղանքին։ Նա անուշադրության է մատնել այն, որ պարսից վիթխարի բանակը զուրկ է մանևրելու հնարավորությունից, որովհետև նրա աջ թևում էին Զիլբեր–չայի հովտի ճահիճները, իսկ ձախ թևով ամուր սեղմվել էր Կարադաղ լեռների արևելյան լանջերին։ Այդպիսի վայրը նպաստավոր չէր պարսից հեծելազորի և փղերի շարժման համար։ Ուստի հայերը չպետք է շտապեին, այլ լավ նախապատրաստվեին ու անցնեին պաշտպանողական մարտի և բաց դաշտի վրա ճակատամարտ տալու փոխարեն սկսեին լեռնային պարտիզանական կռիվներ։ Այս բոլորին պետք է ավելացնել նաև այն, որ աշխարհազորականներից կազմված գունդը վճռական պահին ոչ միայն չի կարողացել օգնության հասնել մարտական կարգերի առաջին շարքերում նեղն ընկած զորամասերին, այլև դիմել է փախուստի։
Հայոց բանակի թույլ տված սխալները գլխավորապես վերաբերում են Վարդան Մամիկոնյանին, իսկ նա միջին ունակությունների զորավար չէր, ուստի պիտի հաշվի առներ այս ամենը։
Մեր պատմիչների մոտ ոչ մի ցուցում չկա, թե պարսկական մեծ բանակը պարտության է մատնել հայերին։ Պատմիչները միայն այն են հաղորդում, որ պարսկական բանակի մարտական կարգերի աջ թևում գտնվող գունդը, որը կռվում էր անմիջապես Վարդան սպարապետի գնդի դեմ, կատարել է կեղծ նահանջ, հետապնդող սպարապետի գունդը ընկել է ծուղակի մեջ։ Թշնամու տակտիկական այդ մանևրը առանձին նշանակություն չէր ունենա, եթե Վարդան սպարապետը ժամանակին գուշակեր այդ նահանջի նպատակը։ Նա մոռացության է տվել, որ իր փոքրաթիվ բանակով երբեք չէր կարող թշնամու վիթխարի բանակին զրկել մանևրելու հնարավորությունից։ Դա էր Վարդանի հիմնական սխալներից մեկը։
Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից
հայտնի է, որ բոլոր հայ զորավարները, ինչպես և հակառակորդ բանակների զորավարներն անձամբ մասնակցել են կռիվներին՝ գրոհներին և հակագրոհներին։ Դա ոգեշնչել է մարտիկներին, բարձրացրել նրանց մարտունակությունը, նրանց բարոյական ու քաղաքական ոգին։ Բայց Վարդան սպարապետի տակտիկական սխալը նրա մեջ էր, որ նա ճակատամարտի հենց սկզբին, իր վրա վերցնելով ձախ թևի գնդի հրամանատարությունը, քիչ ուշադրություն դարձրեց մյուս գնդերի վրա։ Ինչպես մեր հին պատմիչները, այնպես էլ հետագա շատ հետազոտողներ գտնում են, որ եթե Վարդան սպարապետը չսպանվեր, ապա Հայոց բանակը չէր պարտվի, մոռանալով, որ Վարդանի սպանվելուց հետո էլ հայերը համառորեն շարունակել են կռվել մինչև ուշ գիշեր։
Հինգերորդ դարի հայ մատենագիրների վկայությունից երևում է, որ թիկնապահ գունդը կազմված էր աշխարհազորականներից, որոնցից շատերը զենք չունեին և դժվար մոմենտին դիմել են փախուստի։ Այս հանգամանքն էր, որ Վարդանին ստիպեց իր եղբայր Համազասպին հրամայելու գունդը կռվի մեջ չմտցնել։ Նույն պատմիչները հիշատակում են նաև, որ գունդը փախուստի է դիմել թշնամու գաղտնի գործողությունների հետևանքով։ Երբ, նահանջող մատյան գնդին հետապնդելով, Վարդան սպարապետի գունդը սեպաձև խրվում է պարսից բանակի աջ թևի և կենտրոնի զորքերի միջև, հենց այդ ժամանակ ճակատը լքում է հայկական աշխարհազորայինների գունդը։ Իսկ դա պարսկական զորքերին հնարավորություն է տալիս աշխուժանալ և թևանց կատարել հայոց բանակի թիկունքը։ Գուշակելով այդ վտանգը, սպարապետը իր գունդը շարժում է դեպի աջ թևը և Արծրունյաց իշխան Ներշապուհի գնդի հետ միասին կասեցնում խուճապը, վերականգնում մարտական կարգը։ Սակայն այդ բանը կատարելիս Վարդանը բացում է և անպաշտպան թողնում իր գնդի ձախ թևը։ Օգտվելով դրանից, պարսից բանակի աջ թևում կանգնած մատյան գունդը և Վասակ Սյունեցու գունդը իրականացնում են թևանցը։ Այդ իսկ ժամանակ Արտաշիրը մարտի է հանում փղերի գունդը, և հայոց գնդերը հայտնվում են աքցանի մեջ, որտեղ և հերոսի մահով ընկնում է Վարդան սպարապետը։
Անդրկովկասյան ժողովուրդների հայերի, վրացիների, աղվանների, լազերի և մյուսների 450—451 թվականների պատերազմները պարսից զավթիչների դեմ եղել են համաժողովրդական, արդարացի պատերազմներ։ Այդ մարտերում մասնակցել են սոցիալական բոլոր խավերը՝ նպատակ ունենալով իրենց ուսերից թոթափել օտարերկրյա տիրակալների լուծը։ Խաղխաղի ճակատամարտը, որտեղ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կռվում էին հայերի, վրացիների, աղվանների քաջարի զավակները և որոնք փառավոր հաղթանակ տարան պարսից հզոր բանակի դեմ, այդ ժողովուրդների դաշինքի արդյունքն էր։
Ավարայրի ճակատամարտում հայերի ռազմական պարտությունը ոչ միայն չթուլացրեց, այլև ավելի համախմբեց ու ամրացրեց կովկասյան ժողովուրդների՝ հայերի, վրացիների, աղվանների և մյուսների դաշինքը, որը հետագայում ցայտուն կերպով դրսևորվեց այդ ժողովուրղների ազատագրական հաջորդ շարժումների ժամանակ։
Ավարայրի ճակատամարտում կրած ռազմական պարտությունը ոչ միայն չխախտեց հայ ժողովրդի դյուցազնական զավակների աննկուն կամքը, այլև նրանց ոգևորեց դիմելու նոր գոտեմարտի։ Ավարայրն ավելի սերտացրեց հայերի և Կովկասի մյուս ժողովուրղների դաշինքը՝ պայքարելու իրենց ազատության համար։

hayasa.com