Saturday, May 19, 2012

Հայ Պատմիչներ

Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոցի» 1569 թ-ին ընդօրինակված ձեռագրի 2 էջը
Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:
Ագաթանգեղոսը V դարի հայ առաջին պատմագիրն է: 
Հունարեն Ագաթանգեղոս նշանակում է ավետիս: 

Ագաթանգեղոսի անձի և երկի ստեղծման մասին  կան տարբեր կարծիքներ: Ենթադրվում է, որ այն գրվել է V դարում, բայց արժանահավատությունը մեծացնելու միտումով վերագրվել է IV դարի մտացածին հեղինակի` նրան ներկայացնելով որպես բարի ավետաբերի:   
Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոցը» բաղկացած է 3 մասից և ամփոփում է 226–325 թթ-ի կարևոր իրադարձությունները: Առաջին մասը կոչվում է «Սուրբ Գրիգորի վարքը և պատմությունը», որտեղ հեղինակը վիպական գույներով պատմում է Խոսրով Ա և Տրդատ Գ Մեծ արքաների գահակալության, Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու Հռիփսիմյան կույսերի նահատակության մասին: Երկրորդ` «Վարդապետություն Սուրբ Գրիգորի» մասում ամփոփված է Գրիգոր Լուսավորչի քարոզած վարդապետությունը: Երրորդ մասը՝ «Հայաստան աշխարհիս փրկության դարձը...», պատմում է Հայաստանում քրիստոնեության տարածման մասին: Մեզ է հասել երկի V դարի կեսերին բարեփոխված (Կորյուն և ուրիշներ) բնագիրը, որի լեզուն ոսկեդարյան գրաբարն է: Ագաթանգեղոսի երկը դեռևս միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, լատիներեն, ավելի ուշ՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Առաջին անգամ տպագրվել է 1709 թ-ին Կոստանդնուպոլսում: Երկի աշխարհաբար լիակատար թարգմանությունը լույս է տեսել 1983 թ-ին Երևանում: 
Չամչյան Միքայել
1738 թ., 
Կոստանդնուպոլիս
1823 թ., 
Կոստանդնուպոլիս
Միքայել Չամչյանի 
«Պատմություն Հայոց...» աշխատության առաջին ամբողջական 
հրատարակության 
տիտղոսաթերթը 
(1784 թ., Վենետիկ) 
Միքայել Չամչյանը պատմաբան է, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ: Նրա «Պատմություն Հայոց...» աշխատությունը Հայաստանի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հետո:

Չամչյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել է Սբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին: 1762 թ-ից Չամչյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր: 1769 թ-ին օծվել է վարդապետ, նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ: 1776–89 թթ-ին վարել է Սբ Ղազարի, 1789–91 թթ-ին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795–1823 թթ-ին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի (ավագ պաշտոնյա) պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական:
Չամչյանը 1779 թ-ին հրատարակել է «Քերականություն Հայկազյան լեզվի» աշխատությունը, որը 1801–59 թթ-ին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք:
Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» (3 հատոր, 1784–86 թթ.) աշխատությունը: Այն պատմամշակութային նշանակալի երևույթ է, հայ նոր պատմագիտության հիմնակետերից: Ի տարբերություն հայ ավանդական պատմագրության՝ Չամչյանը մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ: Առանձին հայ մատենագիրների անտիպ ձեռագիր աշխատություններ Չամչյանը համեմատել է, սրբագրել բնագրային աղճատումները, ապա համադրելով օտար աղբյուրների հետ՝ ստուգել նկարագրված դեպքերի ճշմարտացիությունը: Նյութը շարադրելիս գրքի լուսանցքում նշել է աղբյուրը: Ունենալով կրոնական պատմահայեցողություն՝ պատմական իրադարձությունները գնահատել է որպես «գերաշխարհիկ» կամքի արտահայտություն, պայմանավորել նախախնամությամբ, նույնացրել ժողովրդի և եկեղեցու պատմությունը:
Չամչյանի «Մեկնություն սաղմոսաց» (10 հատոր, 1815–23 թթ.) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է: Սաղմոսների հայերեն թարգմանությունները համեմատելով ասորերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն, արաբերեն թարգմանությունների և եբրայերեն բնագրի հետ՝ Չամչյանը ճշգրտել է դրանք, վերացրել թարգմանական աղավաղումները, մեկնաբանել սաղմոսների գեղագիտական, իմաստասիրական, գեղարվեստական արժեքները:
Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հավատո...» ծավալուն (շուրջ 1000 էջ) դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թ-ին, Կալկաթայում):
Չամչյանը մշակել է հայկական դպրոցների ուսումնական և բարոյակրթական կանոններ և ծրագրեր. անհրաժեշտ է համարել հայկական դպրոցը եվրոպականացնելը և ժողովրդի շահերին ծառայեցնեը: Դասավանդվող առարկաների ծրագրում գերապատվությունը տվել է հայագիտությանը: Չամչյանին աշակերտել են հայտնի մտավորականներ Ղուկաս Ինճիճյանը, Մկրտիչ և Հարություն Ավգերյանները, Մանվել Ջախջախյանը և ուրիշներ:
Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով Չամչյանը բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրվել են խորհրդակցություններ, պատրաստվել է «Հրավեր սիրո» հատուկ շրջաբերականը, սակայն այս նախաձեռնությունը դատապարտել են թե՜ Էջմիածինը, թե՜ Վատիկանը:

   «Մեր նոր պատմագրության առաջին մեծը՝ Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,– մեծ մեղք կլինի այս մոռանալը»:
Պարույր Սևակ, 
բանաստեղծ
Մովսես Խորենացի
Մոտ 410 թ., գ. Խորոնք, Տարոն գավառ  
(Արևմտյան Հայաստան)
 Մոտ 490 թ.

Դիմանկարը` Հրաչյա Ռուխկյանի (1982 թ.)
«Մովսես Խորենացի և 
Սահակ  Բագրատունի», մանրանկար Խիզանում պատկերազարդված 
ձեռագրից (1567 թ., 
Մատենադարան)
Մովսես Խորենացու 
հուշարձանը 
Մատենադարանի առջև (1965 թ., քանդակագործ՝ Երեմ Վարդանյան)
Մովսես Խորենացին վաղմիջնադարյան պատմագրության մեծագույն 
ներկայացուցիչներից է, հայ պատմագրության հայրը՝ Պատմահայրը: 
Խորենացուն մեծարել են նաև Հայ Հերոդոտոս, Տիեզերահռչակյալ քերթող, 
Քերթողահայր պատվանուններով: Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը հայ ժողովրդի պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է, 
Հայոց նախնական պատմության առաջին ու ամենահավաստի աղբյուրը:

Մովսես Խորենացին Վաղարշապատի մայր դպրոցում աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Այնուհետև ուսումնառությունը շարունակել է Ալեքսանդրիայում, Եդեսիայում, հմտացել քերականության ու ճարտասանության մեջ, յուրացրել հունական գրականության, դիցաբանության, պատմագրության և իմաստասիրության հարուստ ավանդույթները: Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում, Աթենքում, Կոստանդնուպոլսում և մոտ 440 թ-ին վերադարձել է Հայաստան:
461 թ-ին նշանակվելով Բագրևանդի թեմակալ առաջնորդ՝ Խորենացին ծավալել է մանկավարժական, գրական և թարգմանական գործունեություն: 470-ական թվականների վերջին իշխան Սահակ Բագրատունու պատվերով սկսել է գրել «Պատմություն Հայոց» մատյանը. ավարտել է  482 թ-ից առաջ` մինչև Սահակ Բագրատունու մահը: 
«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387 թ.), Արշակունյաց թագավորության անկման (428 թ.) պատմությունը: Խորենացին իր մատյանն ավարտել է «Ողբով»՝ ներկայացնելով թագավորական տան կործանումը, երկրի թշվառությունն ու իր հոգեկան տառապանքը: «Ողբի» առաջին տողը հայ ազգի սեղմ ու փայլուն գովերգ է, որը վերածվել է թևավոր խոսքի:
«Պատմություն Հայոց»-ը Հին Հայաստանի պատմության եզակի և ստուգապատում սկզբնաղբյուր է. մանրամասն տեղեկություններ է հաղորդում հին հայկական հեթանոսական կրոնի, մշակույթի ու դիցարանի, Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքի, ինչպես նաև հարևան ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ: 
Խորենացու երկի առաջին գրքի ու երկրորդի մի մասի հիմքը վիպական ավանդություններն են: Նա բարեխղճորեն մշակել և ներկայացրել է Հայկի և Բելի, Արամի, Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին վիպաառասպելական զրույցները, Վահագնի, Տորք Անգեղի, Արտավազդի առասպելները, «Վիպասանք» վիպաշարը և այլն, ցույց տվել դրանց պատմական արժեքն ու հավաստիությունը: 
Խորենացին օգտագործել է օտար ու հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկզբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր: Նախամաշտոցյան սկզբնաղբյուրներից են Մար Աբաս Կատինայի (մ. թ. ա. II դար) մատյանը, «Մեհենական պատմությունները» [հեղինակները, ըստ Խորենացու, Արամազդի տաճարի քուրմ Ողյումպը (I–II դարեր) և ասորի գրող (հավանաբար՝ ծագումով հայ) Բարդածան Եդեսացին (III դար) են], ինչպես նաև «Հյուսումն պիտոյից» երկը (Խորենացին հեղինակին չի հիշատակում): Մաշտոցատառ մատենագրական աղբյուրները Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերն են, վավերագրականները՝ Գահնամակը (Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների տեղերի, գահերի կամ պատվաստիճանների ցուցակը) և Հայաստանում հայտնաբերված այլալեզու վիմագրությունները: Բանավոր աղբյուրները ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ բանահյուսության նմուշներ են՝ վիպասանների ու թվելյաց երգեր, զրույցներ (օրինակ՝ «Վահագնի ծնունդը», «Արտաշես և Սաթենիկ», «Տիգրան և Աժդահակ»), պատմաավանդական ստեղծագործություններ, նախարարական տոհմերի ծագման շուրջ հյուսված ասքեր և այլն: Նյութական սկզբնաղբյուրները Խորենացու նկարագրած քաղաքներն ու բնակավայրերն են, լեզվական աղբյուրները՝ անձնանունները, տեղանունները, տոհմանունները, որոնք հեղինակը ստուգաբանել ու մեկնաբանել է պատմական իրադարձությունների տեսանկյունից:
«Պատմություն Հայոց»-ն իր կուռ կառուցվածքով, հստակ ու ճշգրիտ ժամանակագրությամբ, պատմության պարբերականացման սկզբունքով, շեշտված հայրենասիրական ուղղվածությամբ դարձել է անփոխարինելի ազգային արժեք, համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: Այն մեծապես նպաստել է հայ ազգային մտածողության զարգացմանը և բարոյական ոգու զորեղացմանը: «Պատմություն Հայոց»-ն օրինակ ու չափանիշ է եղել միջնադարյան հայ պատմագիրների համար, բազմիցս ընդօրինակվել է և մինչև XIX դարի կեսերը հայկական դպրոցներում եղել է հայ ժողովրդի պատմության անփոխարինելի դասագիրք: 
Երկի հնագույն ընդօրինակություններից մեզ են հասել 50 ամբողջական ձեռագրեր, որոնցից 30-ը պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ տպագրվել է 1695 թ-ին, Ամստերդամում, աշխարհաբար՝ 1889 թ-ին՝ Խորեն Ստեփանեի փոխադրությամբ: 1940 թ-ին Ստեփանոս Մալխասյանցը հրատարակել է նոր և գիտական փոխադրությունը, որը 1990 թ-ին վերահրատարակվել է «Պատմություն Հայոց»-ի 1500-ամյակի առթիվ: Երկի բնագիրը լույս է տեսել 19, աշխարհաբարի վերածված՝ ավելի քան 10 անգամ, թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն, գերմաներեն, անգլերեն, պարսկերեն, արաբերեն և այլ լեզուներով:
Խորենացու դավանաբանական աշխատություններից արժեքավոր են «Պատմություն Սրբուհվույն Աստվածածնի և պատկերի նորա», «Պատմություն Սրբոց Հռիփսիմյանց» երկերը, «Ներբող ի Սուրբն Հռիփսիմե», «Հաղագս Վարդավառին խորհրդո» ներբողները, «Պատմություն վարուց Աղեքսանդրին» թարգմանական երկը, «Գիրք պիտոյից»-ը և այլն: Խորենացին նաև նշանավոր երաժիշտ-բանաստեղծ է ու շարականագիր: Առավել հայտնի են «Խորհուրդ մեծ և սքանչելի», «Ծագումն հրաշալի», «Ուրախացիր, սրբուհի» երգերը, որոնց բնորոշ է հանդիսավոր տոնական, քնարական և վիպերգական շունչը:
Խորենացու մասին հրատարակվել է  շուրջ 3 հզ. ուսումնասիրություն: 1991 թ-ին մեծ շուքով նշվել է «Պատմություն Հայոց»-ի 1500-ամյակը, միջազգային գիտաժողովներ են տեղի ունեցել Երևանում, Փարիզում, Նյու Յորքում:
1993 թ-ին սահմանվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ:
Մովսես Խորենացու անունով Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհ, կանգնեցվել են նրա հուշարձանները: 



   «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»:
Մովսես Խորենացի

   «Մովսես Խորենացին բազմագիտակ է .... Նա հին աշխարհի ամենանշանավոր հեղինակներից էր .... Նա բարձր է կանգնած իր դարաշրջանի մտածողությունից և հայրենի պատմագիտությունը հսկայական քայլերով առաջ է մղել: Կգա մի օր, որ գիտական Եվրոպան նրան կհայտարարի Մեծ՝ իր ապրած ժամանակի համար, կգա մի օր, որ Մովսես Խորենացուն մեղադրողները կարդարացնեն նրան, որովհետև եթե լավ հետազոտեն Խորենացուն, կճանաչեն նրա անկեղծությունը և համաձայն կլինեն անվանելու նրան Հայոց Պատմահայր»:
Վիկտոր Լանգլուա, 
ֆրանսիացի արևելագետ, հայագետ

  «Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում»:
Ստեփան Մալխասյանց, 
բանասեր, լեզվաբան

 «Խորենացու «Պատմություն Հայոց»-ը գրված է խորունկ հայրենասիրությամբ .... Նա չբավարարվեց մի ժամանակագրություն գրելով: Նա կամեցավ ստեղծել իր ազգի պատմությունը: Այդ նպատակով դիմեց հույն, պարսիկ, ասորի, քաղդեացի այն պատմիչներին, որոնց գործերը կարողացավ ուսումնասիրել:
   Մովսես Խորենացին ամենաբարեխիղճ մատենագիրներից է՝ հայ թե օտար... Նա որոնում էր այն փաստերը, որոնք պետք է հաստատեին պատմական ճշմարտությունը»:
Ֆրեդերիկ Ֆեյդի, 
ֆրանսիացի հայագետ

Խորենացու ասույթներից շատերը դարձել են թևավոր խոսքեր.
   «Քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրի՝ այնքան էլ կտիրի»: 
   «Քաջերի սերունդները քաջեր են»: 
   «Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ
Եղիշե
Մոտ 410–415 թթ.
Մոտ 470–475 թթ.

Դիմանկարը` 
Հրաչյա Ռուխկյանի (1980-ական թթ.)
Եղիշեի «Վասն Վարդանա և Հայոց պատերազմին» 1569 թ-ի  ձեռագրի 2 էջը 
V դարի պատմագիր և փիլիսոփա Եղիշեի «Վարդանի և Հայոց 
պատերազմի մասին» երկը մեծապես նպաստել է պատմագիտական մտքի և ազգային մտածողության զարգացմանը: Երկը իրական 
փաստերի վրա, ժողովրդական վեպի ավանդույթների ոգով կերտված հերոսապատում է, որը Եղիշեն համարել է «սիրելիների համար 
մխիթարություն, հուսացողներին՝ հույս, քաջերին՝ քաջալերություն»:

Եղիշեի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Նա Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր: 434 թ-ին Մովսես Խորենացու և ուրիշների հետ մեկնել է Աղեքսանդրիա՝ ուսանելու: 441 թ-ին վերադարձել է հայրենիք, դարձել Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի զորականը և դպիրը: Մասնակցել է Վարդանանց պատերազմին (450–451 թթ.), իսկ Ավարայրի ճակատամարտից հետո թողել է զինվորական ու աշխարհիկ կյանքը, անցել ճգնակեցության: 
«Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկը գրել է 458 թ-ից ոչ շուտ, հավանաբար 464-ից հետո՝ Դավիթ Մամիկոնյան երեցի հանձնարարությամբ: 
Եղիշեի երկը բաժանված է 7 գլխի, ունի նաև լրացուցիչ գլուխ, որտեղ պատմվում է գերեվարված հայ հոգևորականների նահատակության մասին, և 2 հավելված:
Իրադարձությունների ականատես պատմիչը գրքի 3 մասերում` «Սկիզբ», «Միջոց» և «Ավարտ», հաջորդաբար ներկայացրել է պատերազմի շարժառիթները, ընթացքը և հետևանքները, ստեղծել գեղարվեստական կատարյալ ու հայրենաշունչ պատում: Պարսկաստանից ուղարկված մի գրությամբ հայերից պահանջվում էր ընդունել իրենց կրոնը՝ կրակապաշտությունը: Հայերը լավ էին հասկանում, որ դա նշանակում էր կորցնել ոչ միայն քրիստոնեական հավատը, այլև ազգային ինքնությունը: Այդ պատճառով էլ Պարսկաստանի Տիզբոն մայրաքաղաք կանչված նախարարները, որոնց թվում էին սպարապետ Վարդան Մամիկոնյանը և մարզպան Վասակ Սյունին, Պարսից արքունիքի ճնշմամբ առերես ընդունել են կրակապաշտությունը և 700 մոգերի հետ, ովքեր պիտի իրականացնեին կրոնափոխությունը, վերադարձել են Հայաստան: Սակայն ժողովուրդն ապստամբել է, սկսվել է ազգային-ազատագրական և կրոնական պայքարը, որը հայտնի է «Վարդանանց պատերազմ» անունով: Հայոց մարզպան Վասակ Սյունին փորձել է որոշ զիջումների գնով փրկել Հայաստանը հնարավոր աղետից, բայց նրա տեսակետը չի ընդունվել: 
Եղիշեն պայքարը համարել է գերագույն առաքինություն և գովերգել նրա հերոսներին:
Եղիշեի պատմությունը գրված է «ոսկեղենիկ» հայերենով: Այն դարեր շարունակ պայքարի է կոչել հայ ժողովրդին, բարձր է պահել նրա հայրենասիրական ոգին: 
Երկը հրատարակվել է ավելի քան 40 անգամ. առաջինը լույս է տեսել 1764 թ-ին Կոստանդնուպոլսում, գիտահամեմատական հրատարակությունը` 1957 թ-ին, Երևանում, թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով:
Եղիշեի երկը սկզբնաղբյուր է ծառայել Ղևոնդ Ալիշանի, Ռափայել Պատկանյանի, Դերենիկ Դեմիրճյանի առանձին ստեղծագործությունների համար:
Եղիշեին են վերագրվում նաև մեկ տասնյակ այլ, հիմնականում կրոնաեկեղեցական ստեղծագործություններ: Հետմաշտոցյան շրջանում նա առաջինն է ստեղծել տիեզերքի մոդելը՝ ըստ թվերի սիմվոլիկայի:
Եղիշեի մասունքներն ամփոփվել են Վանա լճի մերձափնյա Չաղար գյուղի Սբ Աստվածածին վանքում, որը կոչվել է նաև Եղիշեի վանք:
Հայ եկեղեցին Եղիշեին դասել է տոնելի սրբերի կարգը: Նրա հիշատակը նշվում է Խաչվերացի 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` Սրբոց թարգմանչաց տոնի հետ:
   Եղիշեի երկի առանձին արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր՝ 
«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն», 
«Լավ է աչքով կույր լինել, քան մտքով»:
Փավստոս Բուզանդ
IV–V դարեր
Ծննդյան և մահվան 
թվականներն անհայտ են:
V դարի պատմիչ, մատենագիր Փավստոս Բուզանդի 
«Պատմություն Հայոց» երկը IV դարում պարսկական բռնատիրության դեմ  
հայ ժողովրդի պայքարի պատմության կարևոր սկզբնաղբյուր է:

Փավստոս Բուզանդի և նրա աշխատության մասին առաջին անգամ հիշատակել և դրվատանքով է խոսել V դարի պատմիչ Ղազար Փարպեցին իր «Պատմություն Հայոց»-ի մեջ, նրան համարել է երկրորդ հեղինակը՝ Ագաթանգեղոսից հետո:
Ուսումնասիրողների կարծիքով՝ «Բուզանդը» պատմիչի կեղծանունն է. մեկնաբանվել է որպես Բյուզանդիայում կրթություն ստացած մարդ, իսկ ըստ Ստեփան Մալխասյանցի՝ եղելությունների, զրույցների մեկնիչ: 
Բուզանդի «Պատմություն Հայոց»-ը կամ «Բյուզանդարան պատմությունք»-ը ժամանակագրական առումով Ագաթանգեղոսի երկի շարունակությունն է. ընդգրկում է Խոսրով Բ Կոտակի թագավոր դառնալուց (մոտ 330 թ.) մինչև 387 թ., երբ Հայաստանը բաժանվել է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Բաղկացած է առաջաբանից և 4 դպրություններից (III, IV, V, VI), որոնք էլ բաժանված են առանձին գլուխների: I և II դպրությունների բացակայությունը տարբեր կերպ է բացատրվում. կամ դրանք կորել են, կամ Բուզանդը չի ցանկացել կրկնել Ագաթանգեղոսին: Համենայն դեպս, Փարպեցու ժամանակ էլ այդ 2 դպրությունները չեն եղել:
 «Ի սկիզբն» վերնագրված III դպրության մեջ (21 գլուխ) շարադրված է Խոսրով Բ Կոտակի և Տիրանի, IV-ում (59 գլուխ)՝ Արշակ Բ-ի, V-ում (44 գլուխ)՝ Պապի և Վարազդատի թագավորության ժամանակաշրջանների իրադարձությունները, իսկ «Վերջ» վերնագրված դպրությունը (16 գլուխ) Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի բաժանման պատմությունն է: 
Երկը շարադրելիս Բուզանդն օգտվել է Աստվածաշնչից, վարքաբանական-վկայաբանական գրքերից, նախորդ հայ պատմագիտական գրականությունից, ժողովրդական ավանդազրույցներից («Արշակ և Շապուհ»): Երկում ներառված է «Պարսից պատերազմ» ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած պայքարի պատմությունն է: 
«Պատմություն Հայոց»-ը վիպական, դրամատիկ և պատմողական տարրերի յուրատեսակ միահյուսում է, որի համար էլ բանասերները հաճախ այն անվանել են վիպասանություն:
Իր նախորդի՝ Ագաթանգեղոսի նման Բուզանդը նույնպես քարոզել ու փառաբանել է քրիստոնեական կրոնն ու բարոյականությունը: Միաժամանակ նա պաշտպանել է հայոց տերերի միաբանության գաղափարը. Հայաստանը կբարգավաճի միայն այն ժամանակ, երբ միաբան լինեն թագավորը, կաթողիկոսը, սպարապետը և նախարարները: Քննադատելով Արշակունի թագավորների վարքը՝ պատմագիրը, այդուհանդերձ, ջերմորեն պաշտպանել է կենտրոնացված պետության գաղափարը: Բուզանդը կարծում է, որ մարդուն, առավել ևս թագավորին ուժ ու զորություն է տալիս երկիր հայրենին, ուստի, աստվածասիրությունից զատ, նա հայրենասիրության կոչ է անում: 
Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի IV դարի պատմության, երկրի ներքին կյանքի, հասարակական-քաղաքական կառուցվածքի, դասերի փոխհարաբերությունների, եկեղեցակրոնական հարցերի, ժողովրդի կենցաղի, սովորույթների, հավատալիքների, պարսկա-բյուզանդական հարաբերություններում Հայաստանի դերի մասին:
Երկն անփոխարինելի աղբյուր է նաև բանագետի համար. հետքրիստոնեական շրջանի (մինչև V դար) հայ ժողովրդական բանահյուսության առանձին հատվածները պահպանվել են շնորհիվ Բուզանդի «Պատմություն Հայոց»-ի:
Առաջին անգամ «Բյուզանդարան պատմությունք» խորագրով այն հրատարակվել է 1730 թ-ին, Կոստանդնուպոլսում: Աշխարհաբարի է վերածել Ստեփան Մալխասյանցը (լույս է տեսել 1947 թ-ին): Թարգմանվել է ֆրանսերեն (1867 թ.), գերմաներեն (1879 թ.) և այլ լեզուներով:
Փավստոս Բուզանդի «Պատմության» հիման վրա Րաֆֆին գրել է «Սամվել», Ստեփան Զորյանը՝ «Հայոց բերդը», «Պապ թագավոր», «Վարազդատ», Պերճ Զեյթունցյանը` «Արշակ Երկրորդ» պատմավեպերը: 
Երևանում Բուզանդի անունով կոչվել է փողոց:

   «Փավստոս Բուզանդի գլխավոր առավելությունը, մյուս պատմիչների համեմատությամբ, երկրի իրական կյանքը մոտիկից ճանաչելու մեջ է»:
Նիկողայոս Ադոնց, 
պատմաբան, բանասեր
Ղազար Փարպեցու  «Պատմություն Հայոց»-ի 1774 թ-ին ընդօրինակված ձեռագրի 1-ին էջը 



Ղազար Փարպեցի

440/443 թ., գ. Փարպի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)
VI դարի սկիզբ
V դարի պատմագիր Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց» երկը 
պատմագիտական արժեքավոր սկզբնաղբյուր է IV–V դարերում 
Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների, հատկապես 
460–480-ական թվականների հայ-պարսկական փոխհարաբերությունների մասին: 

Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո: Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ V դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ, իսկ 465– 470 թթ-ին ուսանել է Բյուզանդիայում:
486 թ-ին մարզպան Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ: Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, սակայն հանդիպել է զորեղ հակառակորդների: Մոտ 490 թ-ին նա ստիպված հեռացել է Ամիդ և այնտեղից գրել «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ինքնապաշտպանական ուղերձը: Մարզպանը նրան հետ է կանչել, պաշտպանել չարախոսներից և հանձնարարել է գրել «Պատմություն Հայոց»-ը: 
Փարպեցու «Թուղթը» կարևոր տեղեկություններ է հաղորդում V դարի 2-րդ կեսին հայ եկեղեցական շրջանակներում առկա հունասեր և պարսկասեր խմբավորումների, նրանց փոխադարձ բանակռիվների ու բախումների մասին: Այն առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1853 թ-ին, իսկ 1868 թ-ին Միքայել Նալբանդյանը փոխադրել է աշխարհաբարի:
Առավել արժեքավոր է Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի երկերից հետո: Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից: Առաջաբանում պատմիչը շարադրել է նախորդների պատմությունների համառոտ բովանդակությունը: Բուն պատմությունը Փարպեցին սկսել է 387 թ-ի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի առաջին բաժանումից: 
Առաջին դրվագում շարադրել է Արշակ Գ-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը, Սասանյան Պարսկաստանի պառակտիչ քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428 թ.) և ավարտել է Սահակ Պարթևի (439 թ.) ու Մեսրոպ Մաշտոցի (440 թ.) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ: 
Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է. համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին: 
Երրորդ դրվագը Հայաստանի` 460–484 թթ-ի պատմության միակ սկզբնաղբյուրն է, որտեղ նկարագրված դեպքերի ականատեսն ու մասնակիցն է նաև հեղինակը: Ներկայացնում է այդ շրջանի հայ-պարսկական փոխհարաբերություններն ու հայերի՝ 482–484 թթ-ի ապստամբության պատմությունը և ավարտում Վահան Մամիկոնյանի՝ Պարսից արքունիքի կողմից Հայոց մարզպան ճանաչվելու բախտորոշ իրադարձությամբ:
Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը տպագրվել է 1793 թ-ին, Վենետիկում, աշխարհաբարը՝ 1895 թ-ին, Ալեքսանդրապոլում: Հրատարակվել է նաև ֆրանսերեն (1869 թ.): «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան») հրատարակվել է 1904 թ-ին, Թիֆլիսում:
Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Ղազարավան գյուղի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) եկեղեցու ավանդատանը, մեկ այլ տվյալով՝ Մշո Սբ Առաքելոց վանքի բակում:
   «Պետք է խոսքերի վայելուչ դասավորություն, ինչպես կանոնավոր գիտությունը պահանջում է, պատկառանքով ստույգը գրել, որ իմաստասերները լսելով՝ չպարսավեն. չեղածը չավելացնել՝ խոսքը անտեղի երկարացնելու համար, եղածները չպակասեցնել և անփույթ խոսքերով կիսատ-պռատ պատմել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշությամբ»:
Ղազար Փարպեցի



encyclopedia.am

No comments:

Post a Comment