Wednesday, June 13, 2012

Իշպուինիի գահակալությունը


      Ք. ա. մոտ 825-810 թվականներին Տուշպա-Վանի տիրակալն էր Սարդուրի I-ի որդի
Իշպուինի արքան Վանի թագավորության հզորացման և տարածաշրջանային տերություն դառնալու գործում կարևոր դեր էին խաղում Իշպուինիի օրոք սկսված և Մենուայի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները: Իշպուինիի գահակալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները կապված էին միայն նրա անվան հետ,իսկ երկրորդ շրջանում հեղինակակից է հանդես գալիս նրա որդի Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ արձանագրություններից: Եթե գրային բարեփոխումը` տեղական սեպագրի ստեղծումը, տեղի է ունեցել Իշպուինիի կառավարման սկզբնական շրջանում, ապա կրոնական բարեփոխումը` ողջ թագավորության համար միասնական դիցարանի (պանթեոնի) ստեղծումով, կատարվել է նրա գահակալության երկրորդ շրջանում: Դրանով է պայմանավորված, որ դիցարանի արձանագրումը <<Խալդյան դարպասի>> վրա, որին հետագայում մեր ժողովուրդը կոչեց <<Մհերի դուռ>>, կատարվել է երկուսի անունով: Դիցարանում միավորված էին նախկին Նաիրյան համադաշնության երկրների աստվածությունները. դա, փաստորեն, Ք.ա. IX դարավերջի հարավհայաստանյան դիցարանն էր: Իշպուինիի օրոք սկսվեցին և Մենուայի օրոք շարունակվեցին ռազմական ոլորտի բարեփոխումները: Նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ  (պրոֆեսիոնալ) կանոնավոր բանակով, որը բաժանված էր ըստ զորատեսակների: Կատարվեցին նաև բանակի վերազինում և այլ միջոցառումներ: Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք.ա. 820-ական թթ. վերջին` Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը: Նա թագավորությանը միացրեց Արդինի-Մուսասիր երկիրը, որի համանուն կենտրոնը դարձրեց նաև պետության հոգևոր կենտրոն: Իշպուինին այնուհետև արշավանքներ ձեռնարկեց դեպի Արածանիի ակունքների և Արաքսի վերին հոսանքի շրջանները` բախվելով Էթիունյան համադաշնության ուժերին: Արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը: Այնուհետև նա նվաճեց նաև Կոտուր-Վասպուրականի լեռներից մինչև Արաքս ձգվող տարածքը և Մակվի դաշտում կատարեց ամրաշինական աշխատանքներ: Դրան հաջորդեցին ռազմերթեր դեպի Սյունիք, Արաքսի հովտով դեպի արևելք, ինչպես նաև Ուրմիո լճի ավազանով դեպի հարավ` մինչև Պարսուա երկիրը:

No comments:

Post a Comment