Wednesday, June 13, 2012

ԴԱՎԱՃԱՆԸ

Հայոց ցեղասպանությունը հերքողների թիվն ավելացավ



   
Երբ երեւանյան վերջին հանրահավաքներից մեկում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր հասցեին ուղղվող հիմնավոր մեղադրանքներին հակադարձելու համար Լ.Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ հենց ինքն անձամբ, ցեղասպանության զոհերի ժառանգ է, շատերիս շուրթերը ինքնաբերաբար արտաբերեցին «ուրեմն՝ ավելի վատ» հասկանալի ու միանգամայն տրամաբանական եզրահանգումը։


 Իսկ օրերս հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանության զոհերի մեկ այլ ժառանգ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես անարգել է իր նախնիների հիշատակը։


 Եթե մի կողմ թողնենք քաղաքական բոլոր մեծ ու փոքր համակրանքներն ու հակակրանքները եւ առաջնորդվենք միայն ու միայն սառը տրամաբանությամբ, ուրիշ ի՞նչ բնորոշում կարող ենք գտնել Րաֆֆի Հովհաննիսյանի արարքին՝ «դավաճանություն» բառից զատ։ Չէ՞ որ ընթերցելով 2007թ. օգոստոսի 27-ին ցեղասպան Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված նրա շնորհավորական նամակի անգլերեն բնագիրը, սեւով սպիտակի վրա կարդում ենք 1915-ի Մեծ եղեռնը բնորոշող՝ «Great Armenian Dispossession», այսինքն՝ «Հայոց Մեծ Տեղահանություն» արտահայտությունը։


 «Հուսով ենք,- գրել է Ր.Հովհաննիսյանը իր նամակի սկզբում,- որ ձեր նախագահության եւ Հայաստանի հաջորդ նախագահի օրոք, որը կընտրվի մի քանի ամիս անց, թուրք-հայկական հարաբերությունները կթեւակոխեն մտորումների, ուսումնասիրությունների, հայտնագործությունների միանգամայն նոր փուլ եւ կկարգավորվեն»։


 Նման հարցադրումից ստացվում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգն ու ականավոր պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի զավակը դեռ «ուսումնասիրությունների» կարիք ունի Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ Եւ «ուսումնասիրություններ» սկսելու անսքող առաջարկով ընդառաջում է պատմաբանների երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին թուրքական կողմի հայտնի առաջարկին, մի բան, որ Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու ամենակարճ ճանապարհն է։


 Ավելին, պարզվում է, որ այդ «ուսումնասիրությունների» իրականացման համար Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն ընտրել է համապատասխան ելակետ, որն ամենեւին էլ նոր հայտնագործություն չէ թուրքական կողմի համար, այլ հիրավի «խիստ հաճելի» անակնկալ։ Ահա թե ինչ «գիտական ելակետ» է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանը Աբդուլլահ Գյուլին. «Մեր երկրների միջեւ խոր տարաձայնությունները, լինեն դրանք ժամանակակից բնույթի, թե Հայոց Մեծ Տեղահանության պատմական ժառանգության մաս, պետք է հաղթահարվեն ու լուծվեն ճշմարտացիորեն, ազնվաբար եւ երկու նոր նախագահների ու բարի կամքով եւ խղճով օժտված նրանց քաղաքացիների գործընկերության միջոցով»։


Հիշեցնենք, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունը սկսվելուց ամիսներ անց Օսմանյան կայսրության կառավարությունը, փորձելով հետին թվով «օրինական տեսք» տալ մի ողջ ժողովրդի բնաջնջման գործընթացին, ընդունեց «Տեղահանության մասին» օրենքը, որն այսօր էլ օգտագործվում է պատմության թուրքական կեղծարարների կողմից՝ Մեծ եղեռնը սոսկ իբրեւ պատերազմական ռազմաբեմից «ապստամբած հայերին ապահով վայրեր տեղահանելու» գործընթաց ներկայացնելու համար։ Սա է թուրքական կողմի այն անփոփոխ տեսակետը, որը տարիներ շարունակ համառորեն փորձում է պարտադրել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած կամ ճանաչելու գործընթացի մեջ գտնվող քաղաքակիրթ երկրներին։


 Եւ ահա այժմ այս ստահոդ տեսակետը Թուրքիայի նորընտիր նախագահին է մատուցում անձամբ ինքը՝ ցեղասպանության զոհերի ժառանգ Րաֆֆի Հովհաննիսյանը, հույս հայտնելով, որ մեր երկրում եւս ամիսներ հետո նոր նախագահ ընտրվելու պարագայում հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն «Հայոց Մեծ Տեղահանություն» ստահոդ քաղաքական գնահատականի, այսինքն՝ ցեղասպան Թուրքիայի պաշտոնական տեսակետի հիմքի վրա։


 Առանձնակի ուշադրության է արժանի հետեւյալ փաստը։ Րաֆֆի Հովհաննիսյանը հստակորեն ընդգծել է այն տեսակետը, որ նման քաղաքական մեկնակետի վրա հիմնվող հարաբերությունների հաստատումը հնարավոր կլինի միայն Հայաստանի նոր նախագահի ընտրությունից հետո։


 Պատճառն ակնհայտ է. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության նպատակը դարձրած ներկա իշխանություններից ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ էլ առավել եւս Ա.Գյուլը նման սպասելիքներ չէին կարող ունենալ եւ չունեն։ Անիմաստ է նման ակնկալիքներ ունենալ նաեւ Հայաստանի վարչապետից, որի նախընտրական ծրագրում վերստին ամրագրվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու առաջադրանքը։


 Ուրեմն ումի՞ց էր ակնկալելու Րաֆֆի Հովհաննիսյանը ամիսներ առաջ Թուրքիայի նախագահին ուղղված իր նամակ-խոստման իրականացումը, եթե ոչ Ադրբեջանի հետ քիրվայություն, իսկ Թուրքիայի հետ բարեկամություն անելու շռայլ խոստումներ տվող Լ.Տեր-Պետրոսյանից։ Ամեն ինչ այստեղ ավելի քան տրամաբանական է ու հստակ։


 Ի դեպ, եթե «Ժառանգությունն» ու նրա առաջնորդը դավաճանում են հայոց պատմական հիշողությանը, ապա իրավունք ունե՞ն արդյոք կրել «Ժառանգություն» անունը եւ դառնալ հայ ժողովրդի ու Հայաստան երկր ազգային-քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը։

http://armworld.am

No comments:

Post a Comment