Արգիշտի 2-րդ
Ռուսա I-ին հաջորդում է նրա որդի Արգիշտի
II-ը: Աղբյուրներից դատելով` Սարգոնի
արշավանքին
հաջորդող շրջանում, բացի Ուրմիո լճի հարավային հենարանից, Վանի թագավորությունը տարածքային այլ կորուստներ չէր ունեցել: Տերության դիրքերի վերականգնումը հարավային սահմանագծում իրականացվեց բավական արագ: Վանի թագավորության համար հյուսիսում
հայտնվել էր լուրջ թշնամի` կիմերների ցեղը, իր հերթին Ասորեստանն էլ Փոքր Ասիայում ձեռք էր բերել նոր հակառակորդ: Վտանգավոր թշնամիների հայտնվելու
պատճառով մերձեցում է նկատվում Ասորեստանի
և Վանի թագավորության հարաբերություններում: Բարիդրացիական էին հարաբերություններն Ասորեստանի նոր գահակալ Սինաքերիբի (Սենեքերիմի) հետ: Այս պայմաններում Արգիշտի II-ը զենքն ուղղում է արևելք` Արաքսի հարավով հասնելով մինչև Կասպից ծով: Վերանվաճված տարածքներում արքան հիմնադրում
է երկու խոշոր ամրոց` Խալդի աստծո և իր անուններով:
Ռուսա 2-րդ
Վանի թագավորության
վերջին ականավոր տիրակալը դարձավ Ռուսա II-ը (Ք.ա. մոտ 685-645 թթ.)` Արգիշտի II-ի որդին: Նա շարունակեց Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման
մոդելին: Զարկ տրվեց քաղաքաշինությանը. հիմնվեցին ընդարձակ բնակելի թաղամասեր ունեցող բազմաթիվ նոր քաղաքներ: Անցկացվեցին նոր ջրանցքներ, հիմնվեցին այգիներ, զարգացան արհեստներն ու առևտուրը, ծաղկում ապրեց ամբողջ տնտեսությունը: Ռուսա II-ի արտաքին քաղաքականության մասին տեղեկանում ենք, որ իշխանության առաջին տարիներին նա արշավանքներ է կազմակերպում Եփրատից արևմուտք տարածվող մի շարք երկրների դեմ: Ք.ա. 660-ական թթ. սկզբին կրկին սրվում են հարաբերությունները Ուրարտուի և Ասորեստանի միջև: Այդ ժամանակաշրջանի ասորեստանյան մի քանի աղբյուրներ
վկայում են Վանի տերությունից սպասվող սպառնալիքի մասին: Վանի տիրակալը հիշատակվում է կիմերների հետ Ասորեստանի հանդեպ թշնամական գործողություններ ծրագրելիս: Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջաններում հաստատված կիմերները դեռևս Ք.ա. 715-714 թթ. թշնամական արշավանքներ էին ձեռնարկել Վանի տերության դեմ` դրանով նաև նպաստելով վերջինիս թշնամի Ասորեստանի
հաջողությանը: Հատկանշական է, որ Ռուսա II-ը կիմերների դեմ ռազմական պայքար չի սկսում, այլ դիմում է դիվանագիտական հնարքի: Նրան հաջողվում է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն: Կիմերները հաստատվեցին Կապադովկիայի տարածքում, որը միջնադարյան հայկական աղբյուրներում նրանց անվամբ կոչվում է Գամիրք: Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսան կարողանում
է կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ: Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողանում
է կանխել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի դեմ, այլև կեսդարյա թշնամուն դարձնում է իրեն դաշնակից և ուղղում իր հին թշնամու` Ասորեստանի դեմ:
Ք.ա. 650-ական թթ. առաջին կեսին տեղի են ունենում ռազմական բախումներ Ասորեստանի
և Վանի թագավորության միջև: Այդ ժամանակ Ուրարտու-Արարատի դեմ ռազմական գործողություններ են սկսում հյուսիսից հայտնված նոր հակառակորդները` այս անգամ սկյութները, ինչը չի բացառվում, որ հրահրված լիներ Ասորեստանի կողմից: Ասորեստանի և Վանի թագավորության պատերազմը հավանաբար ավարտվել է նրանց միջև բարեկամություն ենթադրող խաղաղության պայմանագրով: Համենայն դեպս, Ք.ա. 652 թ. Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկում Ասորեստանի արքայի մոտ:
No comments:
Post a Comment