Tuesday, April 17, 2012

Կուսակցամոլը

Կուսակցամոլը - դա թշնամին է իր ժողովրդի, բարեկամը` իր ժողովրդի թշնամիների: 

Չկայ աւելի մեծ չարիք, աւելի մեծ աղէտ ժողովրդի համար - մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար - քան կոյր կուսակցամոլութիւնը: Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտութիւններ, նրա համար չկայ հասարակական շահ, պետական բարոյական: 
Նրա համար օտար է այն ամէնը, ինչ որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ - անընդունելի է եւ անհանդուրժելի: Ծափահարելի է միայն այն, ինչ որ բղխում է իր կուսակցութիւնից: Կուսակցականօրէն կոյր այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հաւասար է ամէն ինչի, միայն ոչ չորսի: 

Նմանը ե´ւ տեսնում է ե´ւ չի տեսնում, ե´ւ հասկանում է ե´ւ չի հասկանում: 

Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակցնել, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը, օրինակ` համոզել թէ ամբողջութիւնը մեծ է, շատ է իր մի մասից: 
Կուսակցամոլութեան չար ոգին աստիճանաբար մթագնում է սրանց բանականութիւնը, կլանում խիղճը, եւ, վերջ ի վերջոյ, ի սպառ սպանելով այդ դժբախտի բարոյական կարողութիւնները, դարձնում է սրան բարոյական ապուշ: 
Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր - ահա´ սրա «կուսակցաշէն գործունէութիւնը»: 
Նա թունաւորիչն է ազգային կեանքի: Նա թշնամանք, ատելութիւն, անհամբերողութիւն է սերմանում միեւնոյն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցութիւնների միջեւ: 
Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ոյժերը: Նա հասարակութեան թշնամին է, բարեկամը իր ժողովրդի թշնամիների: Դա անէծքն է մեր կեանքի: Կուսակցամոլութեան թունալի ախտով բռնւած ժողովրդի ներկան տխուր է, ապագան` անյուսալի: 
Այդ ախտով հիւանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտւած է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարեւանների համար: 
Կուսակցամոլութիւն, կուսակցական եսականութիւն, անհամբերողութիւն - այս զզւելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը` հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը` ազգային եւ հասարակական զգացումների տհասութեան. 
Հոգեպէս անառողջ է կուսակցամոլը: Ամէն ինչ կուսակցութեանս 
համար - ահա´ սրա հասարակական բարոյականը: «Պետութիւնը` դա ես եմ»,- ահա´ նրա պետական բարոյականը: 
Սրա կուսակցական «զարգացումը», ասացինք, վերջ ի վերջոյ պսակւում է բարոյական ապուշութեամբ. տխո՛ւր վախճան, որին դեռ ձգտում են հազարաւորները, որը, ի դժբախտութիւն հայ ժողովրդի, մեր որոշ կուսակցութիւնների կողմից դեռ համարւում է քաղաքական առաքինութիւն:
Գարեգին Նժդեհ

No comments:

Post a Comment