Thursday, May 31, 2012

Հայաստանը Ք.ա. 3-րդ հազարամյակում













Հայկական լեռնաշխարհում նախնադարից անցումը քաղաքակրթությանը և վաղ պետական կազմավորումներին տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում (Ք.ա. 4-րդ հազարամյակի կեսերից մինչև Ք.ա. XXIV դար): Այդ ընթացքում ողջ
Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտու մեջ: Դա խոսում է լեռնաշխարհի բնակիչների ազգակցության մասինՀայկական լեռնաշխարհում վաղ բրոնզի դարաշրջանի հնավայրերից հայտնաբերվել են կիսաթանկարժեք քարերից պատրաստված գուրզեր, որոնք, հավանաբար, եղել են իշխանության խորհրդանշաններ: Ժամանակի գիտության բացառիկ նվաճում է Մեծամորի աստղադիտարանը, որտեղից աստղային երկինքը դիտարկել են Ք.ա. 2800-2600 թվականներին: Այդ փաստը եկավ հիմնավորելու եվրոպական աստղագետ-պատմաբանների դեռևս XIX դարավերջին կատարած եզրահանգումները, որոնց համաձայն կենդանակերպի (զոդիակի) համաստեղությունների անվանակոչումը կատարվել է Հայկական լեռնաշխարհում Ք.ա. մոտ XXVIII դարում:




Հայաստանի վաղբրոնզեդարյան խեցեղենը հարուստ է խորհրդանշաններով և գաղափարագրերով, որոնք հետագայում դարձան հայկական մեհենագրության հիմքը:

Ք.ա. XXVI-XXIII դարերում ներկայիս Սիրիայի տարածքում բարձրանում է Էբլա պետությունը, որն առևտրական լայն ցանցով կապված է եղել շրջակա երկրների հետ: Էբլայի բնագրերը Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում հիշատակում են երկու տասնյակից ավելի բնակավայրեր: Դրանցից առանձնապես կարևորվում է Արմին, որը համանուն թագավորության մայրաքաղաքն էր: Ք.ա. XXIV - XXIII դարերի բնագրերում հիշատակվում են Արմի երկրում բնակված  <<Հայայի որդիները>> (հայորդիները), որոնք գործուն փոխհարաբերություններ են ունեցել Էբլայի հետՔ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Արաբական թերակղզուց Միջագետք ներթափանցած սեմական ցեղերը Ք.ա. XXIV դարի երկրորդ կեսին ստեղծում են պատմությանը հայտնի առաջին բռնակալությունը: Պետության հիմնադիր Սարգոնը, հաստատվելով Միջագետքի կենտրոնում` Աքադ քաղաքում, ստեղծեց պատմության մեջ մինչ օրս հայտնի առաջին մշտական մասնագիտացված բանակը և շուրջ 10 տարի տևած պատերազմների ընթացքում հիմնեց նախադեպը չունեցող մի աշխարհակալություն: Նրա զորքերը հյուսիսում հասան մինչև Հայկական լեռնաշխարհի հարավային փեշերը, բայց անհաջողություն կրեցին այնտեղՄեզ է հասել Սարգոն Աքադացու տերության աշխարհագրությունը ներկայացնող մի արձանագրություն, որում առաջին անգամ ներկայացված է <<Արմենիա>> անվան նախաձևը` Արման(ում) երկրանունը:


 Աքադի չորրորդ տիրակալ Նարամ-Սուենը (Նարամ-Սին, Ք.ա. XXIII դար) Եփրատի և Տիգրիսի հոսանքներն ի վեր ձեռնարկել է բազմաթիվ ռազմական արշավանքներ: Նա Վանա և Ուրմիո լճերի միջնատարածքում հիշատակում է Արամ երկիրը: Այդ տարածքը Վանի թագավորության ժամանակաշրջանում ևս հիշատակվում է գրեթե նույն տեսքով (Արամալի, Արմարիլի): Հիշենք, որ ըստ Մովսես Խորենացու տեղեկության <<արմեն>> և <<Արմենիա>> անունների հիմքում ընկած է  <<Արամ>> անունը:


 Նարամ-Սուենը կատարեց մի քանի արշավանք դեպի Եփրատի վերին հոսանքի շրջանը: Այդ մասին է պատմում նրա ամենածավալուն արձանագրություններից մեկը, որում Արման(ում)ը ներկայանում է իբրև մի երկիր, որը <<երբևէ` մարդկության արարումից ի վեր, ոչ մի թագավոր չէր նվաճել>>:  Նա Դիարբեքիրի շրջանում թողել է իր պատկերաքանդակով և արձանագրությամբ մի կոթող, որը հուշում է, որ Արման(ում) երկիրը գտնվել է Աղձնիքի տարածքում:


 Նարամ-Սուենի դեմ ձևավորվում է Հայկական լեռնաշխարհի և հարակից 17 պետական կազմավորումների դաշինքը` Արման(ում) երկրի գլխավորությամբ: Հետագայում տասնյոթ երկրների դաշինքի ղեկավարումը Արման(ում)ից անցավ Կուտիական երկրին (Կորդվաց աշխարհ), որն էլ վերջ դրեց Նարամ-Սուենի բռնակալական իշխանությանը:

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete