Wednesday, May 23, 2012

Այ լակոտ, դու հո ֆաշիստ չե՞ս

Ծերունին ջրում էր այգին ու երգ էր մրմնջում քթի տակ։ Աստուած գիտի թէ ինչ հիշողութիւններ էին անցնում նրա գլխով, էլ մանկութիւն, էլ պատանեկութիւն, էլ դաժան պատերազմ․․․
Այգին գտնւում էր ճանապարհի կողքին, որը քաղաքից տանում էր դէպի գիւղը։
Քաղաքից բարձրացող հերթական մեքենաներ էր անց կենում, որը յանկարծ արգելակեց ու մեքենան դուրս հանեց  ճանապարհից։

Երկու երիտասարդ դուրս եկան մեքենայից, ու մոտեցան այգու ցանկապատին։
- «Պրիվե՜տ» պապի ջան։
- Բարի՜ հազար բարին,․․․ ի՞նչի կարիք ունէք։
- Ոչ մի բանի պապի ջան, Հայաստան ենք եկել, ֆռֆռում ենք էստեղ-էնտեղ։ Ասինք տենանք պապին ինչ ա անում։
- Շատ էլ լաւ էք անում։ Բա մեր քաղցրահամ ջուրը, էս սուրբ, կենարար հողը․․․ համեցէք, մի բան տամ ձեզ, հէնա խնձորը հասել է, գնամ բերեմ։
- Չէ, չէ, պապի, շնորհակալ ենք։
Ծերունին չի լսում, գնում քաղում է մի քանի խնձոր ու հեռուից շպրտում երիտասարդների կողմը։
- Դէ բռնի, տեսնեմ ջանումդ ինչ կա,- ծիծաղելով բացականչում է ծերունին, ու մոտենում երիտասարդներին։ - Է՜հ, հերթով բոլոր հայերն էլ կը գան, հետ կը գան, բա ի՞նչ պիտի անեն․․․
Երիտասարդներն իրար են նայում ու քմծիծաղ տալիս։
- Տո ինչ հայ, ինչ սուրբ հող այ պապի, էս ինչե՞ր ես խօսում,- ծիծաղելով պատասխանում է նրանցից մէկը։
- Աշխարհն առաջ է գնում, դուք դեռ «նավթալինի» մէջ էք,- վրայ է տալիս միւսը։
Ծերունին խոժոռում է դէմքը․
- Էս խի դուք ի՞նչ ազգ է՞ք որ։ Հայ չէ՞ք։
- Այ պապի, ազգ չկայ, էդ ազգ ասածը վաղուց վերցուած է աշխարհի երեսից։
- Ջահել ես, ինչ էք հասկանում։ Էսպէս ասեմ ձեզ, քանի մեր գիւղը կայ, ես կամ, դուք կաք, մեր էս ձորերի տէրերը կան, գոնէ հայ ազգը կայ ու կը լինի։ Մնացածն ամէնքն ինչ կուզեն կանեն։ Իրենք են իրենց գլխի տէրը։
- Է պապի, շատ լաւ էլ հասկանում ենք, բայց ազգերն աշխարհի էրեսից վերանում են, վե՜-րա՜-նո՜ւմ․․․
- Ու պիտի վերանան։ Մարդիկ առաջ են գնում, հիմա աշխարհի կարգն է էդպէս, նամանավանդ մեր նման փոքր ազգերը։ Կը ձուլուեն, կանցնեն, կը գնան,․․․
Ծերունին էլ չի դիմանում․
- Այ լակոտ, դու հո ֆաշիստ չե՞ս, ֆաշիստ գերմանացիք էին ուզում ազգ ջնջել աշխարհի երեսից, տո այ աննամուս, ես իմ ջահել կեանքս տամ, ֆաշիստների քոքը կտրեմ, էսօրուայ օրով դուք գաք ասէք ազգս պիտի վերանա՞յ։ Բա ո՞ւմ համար եմ վիրավորուել, իմ ազգի, իմ սար ու ձորի, իմ երգի, իմ պարի, իմ լեզուի, իմ էրէխէքի, իմ թոռների, իմ ազգի համար եմ ջանս դէմ տուել նեմեցի գյուլին։ Ռա՜դ եղէք ստեղից, շո՜ւտ,- գոռում է ծերունին, ու կռանալով մի հսկայ քար վերցնում ու սպառնալով երիտասարդներին։- Ես դեռ ձեզ կասեմ, թէ ում ազգը պիտի ձուլուի, ձուլուած շան որդիք․․․ թո՜ւ, հարա՛մ լինի ձեր կերածը․․․

No comments:

Post a Comment