Ֆրանսիական դպրոցի 2 թուրք աշակերտ բուռն արձագանքել են այն բանից հետո, երբ դասարանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մի ծաղրանկար. դրանում պատկերված է թուրք, որը քարշ է տալիս գանգերով լի զամբյուղ: Կից «Հայոց ցեղասանություն» գրություն է: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Մոնբելյար քաղաքի Անատոլ Ֆրանսի քոլեջում:
Ուսուցիչը աշխարհագրության և պատմության դասաժամին ցուցադրել է նշված ծաղրանկարը և հարցրել. «Ի՞նչ եք հասկանում այս ծաղրանկարից: Ինչո՞ւ Թուրքիան չի կարող միանալ ԵՄ-ին՝ այս ծաղրանկարի համաձայն»:
Ծաղրանկարում առկա է նաև ԵՄ-ի դրոշը, «Ֆրանսիա» գրությամբ մի մարդ, որը ևս մեկ գանգ է ավելացնում թուրքի` գանգերով լի զամբյուղին:
14 և 17-ամյա 2 թուրք աշակերտ հակառակել են ուսուցչին, թե իրենց մեղադրում է չեղած բանի համար և հարցրել, թե ուսուցիչն ինքը ինչ է մտածում ալժիրցիների մասին:
Ուսուցիչն ի պատասխան ասել է, թե ծաղրանկարը իր գաղափարը չէ, բայց իրեն հարկավոր է ուսումնական ծրագրի շրջանակում դա ներկայացնել դասարանին:
Դրանից հետո հյուսիսաֆրիկացի սաները ծաղրել են թուրքերին ու Թուրքիային, իսկ վերոհիշյալ 2 թուրք աշակերտները շոկ են ապրել՝ ըստ լրատվամիջոցի փոխանցման:
Սաների ծնողները բողոքել են Բազմամշակութային երիտասարդական խորհրդին (որը թուրքական կառույց է): Վերջինս իր հերթին խոստացել է ֆրանսիական իշխանությունների ուշադրությունը հրավիրել ծաղրանկարի վրա և բողոքել Ֆրանսիայի կրթության նախարարությանը, որպեսզի նկարը հանվի ուսումնական ծրագրից:
tert.am
No comments:
Post a Comment