Sunday, August 26, 2012

Աշոտ Երկաթ և Աբաս


Արաբական զավթիչների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարն այնուհետև գլխավորեցին Սմբատ I-ի որդիները` Աշոտ II Երկաթ արքան (914-929) և Աբաս սպարապետը:
Երկարատև և համառ կռիվներով նրանք ազատագրեցին Հայաստանի մեծ մասը, նույնիսկ հասան Թիֆլիս և ջախջախեցին այնտեղ հաստատված արաբական զորքերին: Աշոտ II-ը հաջողությամբ սանձեց նաև Արցախի և Ուտիքի իշխանական տների ըմբոստությունները, սաստեց իր հորեղբորորդի Աշոտ սպարապետին, որին խալիֆայությունը հռչակել էր Հայոց թագավոր: Արաբների դեմ մարտերում նշանավորվեց նաև իշխան Գևորգ Մարզպետունին: Արաբական Բեշիր զորապետի դեմ 921 թ. Սևանի ճակատամարտում շահած վճռական հաղթանակով Աշոտ II-ը թշնամուն վերջնականապես արտաքսեց Հայաստանից և ամրապնդեց Բագրատունյաց թագավորությանը: Գագիկ Արծրունին շուտով զղջաց իր անխոհեմ արարքը և ընդունեց Բագրատունյաց գերիշխանութ­յունը: Աշոտ II Երկաթն այնուհետև զբաղվեց երկրի վերաշինությամբ, ավերված քաղաքների ու բերդերի վերականգնման աշխատանքներով:



Աշոտ II Երկաթին հաջորդեց եղբայրը` Աբաս Բագրատունին (929-953), որն սպարապետության տարիներին նստում էր Վանանդ գավառի Կարս բերդաքաղաքում: Թերևս այդ պատճառով արքայանիստը Երազգավորսից տեղափոխեց Կարս, որը նորովի ամրացվեց և կառուցապատվեց, հիմնվեցին արքունի ապարանքները և Ս. Առաքելոց հոյաշեն եկեղեցին: Աբասի նախաձեռնությամբ կաթողիկոսական աթոռն Աղթամարից տեղափոխվեց Շիրակ գավառի Արգինա ավան, որտեղ հանճարեղ ճարտարապետ Տրդատի նախագծով կառուցեց Կաթողիկե եկեղեցին:
Աշոտ Երրորդ Ողորմած





Աբասին հաջորդեց որդին` Աշոտ III Ողորմածը (953-977), որը գահակալման սկզբին 45 հազարանոց հայկական զորաբանակով հակահարված հասցրեց Աբխազաց թագավորության նվաճողական փորձերին և ամրապնդեց տերության հյուսիսային շրջանները: Համանման պատժիչ արշավանքով 959 թ. հնազանդեցրեց նաև Աղձնիքի արաբական ամիրայությանը: 961 թ. Աշոտ III-ը մեծ հանդիսավորությամբ որպես գահանիստ մայրաքաղաք օծեց արագ զարգացող և վաճառաշահ Անին: Այնուհետև Խոսրովանուշ թագուհու աջակցությամբ հոգաց Անիի կառուցապատման աշխատանքները, իսկ Ձորագետի հովտում հիմնվեցին Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, որոնք դարձան ուսման և գիտության նշանավոր կենտրոններ:



Պետական կառավարման համակարգը բարելավելու և առավել ճկուն դարձնելու նպատակով Աշոտ III-ը տերության մի քանի խոշոր և ռազմավարական նշանակություն ունեցող մարզերի կառավարումը հանձնեց տեղի երևելի իշխաններին, մասնավորապես Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչներին` նրանց օժտելով փոխարքայի լիազորություններով: Այսպես, 963 թ. Վանանդում նա թագավոր (փոխարքա) կարգեց կրտսեր եղբորը` Մուշեղ Բագրատունուն, որն իր գահանիստը դարձրեց Կարսը, 966 թ. Տաշիր-Ձորագետում թագավոր հռչակեց կրտսեր որդուն` Գուրգենին (Կյորիկե), որն իր գահանիստը դարձրեց նախ Շամշուլդե բերդավանը, իսկ 1065 թ.` Լոռե բերդը:

Բյուզանդական կայսրությունը 967 թ. խարդախ միջոցներով զավթելով Տարոնի Բագրատունյաց իշխանությունը և այն դարձնելով առանձին բանակաթեմ` արդեն 970-ական թթ. սկսեց սպառնալ Հայոց թագավորությանը: Աշոտ III-ը հայկական 80 հազարանոց զորաբանակով Հարք գավառում ընդառաջ ելավ իր տիրույթներին սպառնացող բյուզանդական զորքերին, և կայսր Հովհաննես I Չմշկիկը, 974 թ. խոհեմաբար խաղաղության և բարեկամության պայմանագիր ստորագրելով, հեռացավ Բագրատունյաց սահմաններից

No comments:

Post a Comment