Wednesday, May 2, 2012

Արմենոիդ մարդաբանական տիպը



Հայերն աշխարհի հնագույն, եվրոպեոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տիպի ժողովուրդներից են: Նրանց բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է, ընդհանուր թիվն աշխարհում 8–10 մլն է, որից Հայաստանի 

Հանրապետությունում՝ 3,2 մլն, ԼՂՀ-ում՝ 137,4 հզ., Ջավախքում՝ 100 հզ.: 

Հայերը հնդեվրոպական (արիական) ժողովուրդ են. բնակվել են հնդեվրոպական նախահայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում,
Միջագետքի հյուսիսում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում: Մ. թ. ա. VII–IV հազարամյակում հայերն առանձնացել են հնդեվրոպական մայր ժողովրդից. հայկական լեզվաճյուղին պատկանող էթնոսը մնացել է իր բնօրրանում, իսկ մյուսներն աստիճանաբար սփռվել են Հնդկաստանից մինչև Եվրոպայի հյուսիս և Ամերիկա ու Ավստրալիա մայրցամաքներ:
Մ. թ. ա. III հազարամյակում հայերն ստեղծել են պետական կազմավորումներ: Հայաստանի մասին առաջին գրավոր տեղեկությունները  վերաբերում են մ. թ. ա. XXVIII դարին. շումերական արձանագրություններում հիշատակվում է Արատտա պետական կազմավորումը, որը նույնանում է աստվածաշնչյան Արարատ-Հայաստանի հետ:
Մ. թ. ա. XXVI դարից միջագետքյան հնագույն արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի առնչությամբ հիշատակվում են Հայ(ա) աստվածը, երկիրն ու ժողովուրդը: Մ. թ. ա. XV–XIII դարերում Փոքր Հայքում, Բարձր Հայքում և Տայքում հայտնի Հայասա (Խայասա կամ Խայաշա) պետության անվանումը կազմված է հայ ժողովրդի ինքնանվանումից և խեթերեն (ա)սա տեղանվանակերտ մասնիկից:
Մ. թ. ա. XXIV–XXIII դարերից հիշատակվում է օտարների՝ հայերին տված ամենատարածված անվան նախաձևը` արման(ում): 
Հայ ժողովրդի կազմավորումն ավարտվել է մ. թ. ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին:
Մ. թ. ա. VII դարի վերջի և VI դարի սկզբնաղբյուրներում Հայկական լեռնաշխարհն արդեն ներկայացված է որպես հայերով բնակեցված միատարր երկիր:
Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ հայոց անվանադիր նախնին Հայկ դյուցազն է, որի անունով էլ հայոց նահապետական տոհմը և արքայատոհմը կոչվել են Հայկազունք կամ Հայկյան:
Հայերի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է. տարածքը շուրջ 400 հզ. կմ2 է (ներկայիս Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ու Վրաստանի պետական սահմաններում): 
Մարդու բնակության հետքերը Հայկական լեռնաշխարհում առկա են հին քարի դարի (պալեոլիթ) վաղ շրջանից: 
Մ. թ. ա. X հազարամյակում լեռնաշխարհի հարավում (Շանիդար հնավայր) Երկրագնդի վրա առաջինը վայրի և միայն սպառող կենսաձևից անցել են երկրագործության ու անասնապահության՝ քաղաքակիրթ և արտադրող տնտեսության, առաջինն այստեղ են ընտելացվել ձիերը: Երկիր մոլորակի վրա հայտնի առաջին տաճարը կառուցվել է լեռնաշխարհի հարավ-արևմուտքում [մ. թ. ա. X հազարամյակ, Պորտաբլուր (Գյոբեքլի թեփե, Եդեսիայից մոտ 15 կմ հյուսիս-արևելք) հնավայր]: Հայկական լեռնաշխարհում է սկզբնավորվել մետաղագործությունը:
Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխարհային ջրհեղեղից հետո Հայկական լեռնաշխարհն է դարձել մարդկության վերածննդի երկիրը: 
301 թ-ին հայերը, աշխարհում առաջինը, պետականորեն ընդունել են քրիստոնեությունը: Հայերի եկեղեցին Հայաստանյայց առաքելական եկեղեցին է, կան նաև կաթոլիկության, բողոքականության և այլ ուղղությունների հետևորդներ: 
Սկսած XVII–XVIII դարերից և հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում շատ հայեր բռնի մահմեդականացվել են. նրանց ժառանգներն այսօր Արևմտյան Հայաստանում զգալի թիվ են կազմում:
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին, ինքնուրույն ճյուղ է, աշխարհի հնագույն գրավոր լեզուներից, հայ ժողովրդի ազգային, ՀՀ և ԼՂՀ պետական լեզուն: 
Դեռևս վաղ ժամանակներից հայերը տարածվել են նաև հարևան երկրներում՝ Բյուզանդիա (մասնավորապես՝ Կիլիկիայում), Վրաստան, Իրան և այլուր. տեղաշարժը մեծ ծավալների է հասել հատկապես XI դարից՝ հայոց միասնական պետականության կործանումից հետո, և ուշ միջնադարում, երբ Հայաստանն ընկել էր թուրք-պարսկական տիրապետության տակ: Արտագաղթն աննախընթաց չափերի է հասել Հայոց ցեղասպանության ժամանակ: 
Աշխարհի բոլոր ծագերում հիմնվել են հայկական գաղթավայրեր, որոնք տարբեր ժամանակներում, որոշակի պատմական իրադարձությունների թելադրանքով, նվազել կամ ստվարացել են: Ցայսօր շարունակվում է հայերի տեղաշարժը ողջ աշխարհում:

Հայերի թիվն աշխարհի տարբեր երկրներում


Ռուսաստան 1.130,0 հզ. (2,2 մլն)
ԱՄՆ 1.000,0 հզ. (1,6 մլն)
Ֆրանսիա  500,0 հզ.
Վրաստան 248,0 հզ. (350 հզ.)
Սիրիա 190,0 հզ.
Արգենտինա 130,0 հզ.
Իրան 100,0 հզ.
Ուկրաինա  99,9 հզ.
Լեհաստան     92,0 հզ.
Թուրքիա             70,0 հզ.
Հորդանան  70,0 հզ.
Ուզբեկստան  70,0 հզ.
Լիբանան 60,0 հզ. (140 հզ.)
Աբխազիա 45,0 հզ.
Ավստրալիա 45,0 հզ.
Գերմանիա 42,0 հզ.
Կանադա 40,5 հզ.
Բրազիլիա 40,0 հզ.
Հունաստան 35,0 հզ.
Թուրքմենստան     30,0 հզ.
Բուլղարիա 30,0 հզ.
Բելառուս 25,0 հզ.
Ղազախստան 25,0 հզ.
Իրաք 20,0 հզ.
Մեծ Բրիտանիա   18,0 հզ.
Հունգարիա 15,0 հզ. 
Բելգիա 10,0 հզ.
Չեխիա 10,0 հզ.
Աշխարհի մյուս՝ շուրջ 50 երկրում՝ 20-ից մինչև 10 հզ. մարդ

   «Հայերը շատ մեծ ազգ չեն, բայց շատ հին ազգ են. մենք դա գիտենք պատմությունից. հայերի իրավունքներն ունեցողը, ճշմարտությունից բացի, այլ բանի կարիք չունի»:
«Մի քանի հազար հայի գոյությունից կարող է ծագել ինքնատիպ մի ամբողջ արվեստ»:
Անտուան Մեյե,
ֆրանսիացի հայագետ
   «Դուք՝ հայերդ, ֆանտաստիկ ժողովուրդ եք: Նման եք երկար ժամանակ քնած հրաբխի: Դարերով ձեր մասին ոչ ոք չգիտեր: Եվ հանկարծ դառնում եք թատրոնի, կինոյի և գրականության ամենամեծ լուսատուները»,– ասել է ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը Վիլյամ Սարոյանին և Ռուբեն Մամուլյանին միմյանց հետ ծանոթացնելիս:


http://www.encyclopedia.am

No comments:

Post a Comment