"Նորվեգացի հրաձիգ" Անդերս ԲրեյվիկնՕսլոյի դատարանում հայտարարել է, որ իր դեմ դատական գործընթացը կարող է երկու ձեւով ավարտվել` արդարացում կամ մահապատիժ, քանի որ երկարատեւ ազատազրկումը "խղճուկ պատիժ է": Նա նաեւ զարմանք է հայտնել, որ չի սպանվել այն օրը, երբ սպանել է 77 մարդու:
Բրեյվիկի դեմ դատալսման երրորդ օրը մեղադրող կողմը հարցում է արել մեղադրյալից՝ ծայրահեղական կազմակերպությունների հետ նրա կապի առնչությամբ: Նշենք, որ վերջինները հերքում են "նորվեգացի հրաձիգ"-ի հետ որեւէ կապի առկայությունը եւ Եվրոպայում ծայրահեղ աջերի ընդհատակյա գործունեությունը:
Մեղադրողի հարցին` արդյոք ինքն ուզում է, որ իրեն մահապատժի ենթարկեն, Բրեյվիկն ասել է. "Ոչ, բայց ես կհարգեի այդ որոշումը: Ես չեմ ընդունի 21 տարվա ազատազրկումը, դա պարզապես ծիծաղելի է":
Դատարանում հարց է հնչել նաեւ նրա կրոնական համոզմունքների վերաբերյալ: "Ես պայքարող քրիստոնյա եմ: Ինձ համար չափազանց կարեւոր է Եվրոպայի ապաքրիստոնեականացման կանխումը: Դա չի նշանակում, որ մենք կողմ ենք քրիստոնեական աստվածապետությանը: Մենք քրիստոնյա ֆունդամենտալիստներ չենք: Ես հավատում եմ Աստծուն եւ կյանքին` մահից հետո":
Բրեյվիկը դատալսման ժամանակ նաեւ հայտարարել է, որ ինքը ծայրահեղ հակաիսլամիստական "Տամպլիերների օրդենի" անդամ է: Նա պատմել է, որ տամպլիերները հանդիպում են անցկացրել Լոնդոնում, որպեսզի մշակեն քաղաքական պլատֆորմ, սակայն չի պատասխանել հարցին` արդյոք որոշում է կայացվել պայքարի բռնի մեթոդներ ընտրել, թե ոչ:
Ցուցմունք տալու ժամանակ Բրեյվիկը դատարանի դահլիճում հայտարարել է`
- Որ ինքն ու մյուս ազգայնականները տարածել են իրենց գաղափարները, որպեսզի ոգեւորեն մյուսներին:
- Որ 2001 թվականին նա Լիբերիայում հանդիպել է սերբ ազգայնականի հետ, ով "Տամպլիերների օրդենի" հիմնադիրներից է:
- Որ Լոնդոնում նա հանդիպել է իր անգլիացի հովանավորի հետ` Ռիչարդ Առյուծասիրտ մականունով:
- Որ իր մականունն է Սիգուրդ` ի պատիվ 12-րդ դարի նորվեգացի թագավորի:
"Յուրքանչյուրը կարող էր անել այն, ինչ ես եմ արել",- հայտարարել էր Բրեյվիկը:
Դատարանը կփորձի պարզել` արդյոք նա հոգեկան շեղումներ ունի եւ կարող է գտնվել ազատազրկման մեջ: Առաջին փորձաքննությամբ նա ճանաչվել էր անմեղսունակ: Սակայն երկրորդ դատահոգեբանական փորձաքննությունը վկայում էր, որ Բրեյվիկը պատասխանատու է իր արարքների համար: Եթե դատարանը նրան անմեղսունակ ճանաչի, Բրեյվիկին կտեղափոխեն հոգեբուժարան: Եթե մեղսունակ՝ նրան սպառնում է 21 տարվա ազատազրկում, որը կարող է երկարաձգվել մինչեւ ցմահ բանտարկություն:
Հիշեցնենք, որ Բրեյվիկի կազմակերպած պայթյունից Օսլոյում 8 մարդ էր զոհվել, 209-ը` վիրավորվել: Ուտոյա կղզում նա սպանել էր 69 հոգու, որից 34-ը` 14-17 տարեկան, 33 մարդ վիրավորվել էր: Ընդհանուր առմամբ նորվեգացի հրաձիգի գործողություններից տուժել էր 900 մարդ:
Slaq.am - Լրատվական աղբյուր
No comments:
Post a Comment