Friday, April 20, 2012

Այսօր Դանիել Վարուժանի ծննդյան օրն է

Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ: Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով: Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը:Վարուժանը գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում: Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում: Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը: Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ: Տարիներ անց «Հորս բանտին մեջ» ոտանավորում Վարուժանը հիշում է՝
«Դեռ փոքր էի, եկա քեզի մենավոր,
Մութ զընդանիդ մեջ այցի,
Մայրս հիվանդ էր, կը շրջեի ես ազատ
Մեջտեղը բանտի և մահճի:»
Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին, տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը:
Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում: Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին: «Արձակուրդներս ընդհանրապես անցած են հորս քով, Խավյար Խանը, հայ պանդուխտներու հառաչանքներուն և վերքերու տրոփյունին ունկնդիր», — գրել է բանաստեղծը:
1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը: Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով: Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է ռուս հանճարեղ գրող Լև Տոլստոյի և ֆրանսիացի մեծ մտածող Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով:
Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը: Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները՝ պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի թեմաներով:
1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը: Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ: Նրա դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճիում, (Ghent University Library) Rozier 9, B-9000 Ghent: Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևեալ խոսքերը`
«ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՛ապրի,
երբոր երազն անմահ է:»
Վարուժանի գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր կուլտուրան. նա խորազնին ուսումնասիրում է 17—18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով:
Ստանալով բարձրագույն կրթություն, բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր: Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911-ին տեղափոխվում Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան: 1912-ին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով:
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում: Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին: Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»: Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ:
1915 թվականն էր: Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը: Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։
1914-ին հինգ հիմնադիրներէն է «Մեհեան» գրական ամսաթերթին՝ Կոստան Զարեանի, Յակոբ Քիւֆէճեանի (Օշական), Գեղամ Բարսեղեանի և Ահարոն Տատուրեանի հետ։ Մինչև Յուլիս լոյս տեսած թերթի գրական և մշակութեան մտածողութեան գլխաւոր մղիչ ուժն է՝ Կոստան Զարեանի հետ, մինչև իր բաժանումը։ Խմբագրած է նաև «Նաւասարդ» գրական պարբերականը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը: Արտերը ներկվում էին արյունով: Բանաստեղծի խոսքերով ասած կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը: Թուրք մարդասպանները աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում հոշոտեցին 31-ամյա բանաստեղծին:
1lur.am

No comments:

Post a Comment