Wednesday, May 23, 2012

ՄԻ՛ ԴԱՏԵՔ ԱՇԽԱՐՀԸ ՁԵՐ ՍԻԼԻԿՈՆՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ

ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆ
Վահան Թեքեյանի միասեռական լինելու մասին ակնարկներն ու շշուկները նոր չեն մեր իրականության մեջ: Նկատի ունենալով հատկապես նրա հրաշալի նամակները Լեւոն Զավեն Սյուրմելյանին, ինչպես նաեւ Երվանդ Օտյանիՙ Արփիար Արփիարյանին հղած նամակներից մեկում երգիծապատում վերագրումները թուրքական բաղնիքում Վ. Թեքեյանի դրսեւորած սեռական հակումների վերաբերյալՙ մեր գրական եւ մերձգրական շրջանակներում շատ վաղուց տեղիք են տվել զանազան վերագրումների, անգամՙ պնդումների:
Այնուամենայնիվ, առ այսօր ոչ ոք, կրկնում եմՙ ոչ ոք Վահան Թեքեյանի «Կ՚անձրեւէ տղաս» եւ մյուս հրաշալի բանաստեղծությունները այնպես շեղ ու շիլ չի մեկնաբանել, ինչպես դա արել է Վիոլետ Գրիգորյանը, «ի պատկերի հիւրում»: Իսկապես, մարդ պետք է նրա նման տգետ ու շեղված լինի Թեքեյանի այդ գլուխգործոցի մեջ միասեռականության նշույլ գտնելու համար: Տգետՙ չիմանալու չափ, որ Թեքեյանը 20-ական թթ.-ի սկիզբը Փարիզի հայ ազգային պատվիրակության կողմից նշանակվել էր լիազոր ներկայացուցիչ Հունաստանի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի ու Շվեյցարիայի ապաստարաններում պատսպարված հայ որբերի եւ ընդհանրապես որբախնամ աշխատանքների կազմակերպման համար: Իսկ ով որ գիտի, թե այդ թվերին, Եղեռնից հետո, հատկապես տարագիր հայությանը ինչ էր մնացել որպես ապագայի հույսՙ բացի իր տասնյակ հազարավոր որբերից, որոնք պիտի մեծանային եւ ի վերջո պիտի կերտեին այն, ինչ այսօր կոչում ենք Հայաստան եւ Սփյուռք, լավ եւ ճիշտ պիտի հասկանա «ահ, լաց որ մեծնաս»-ի իմաստը... Եվ մարդ իսկապես շեղված պետք է լինի, որ այդ եւ մյուս բանաստեղծությունների մեջ նա՛խ փնտրի եւ ապա գտնի՛ համասեռամոլության ախտանիշ-ապացույցներ:
Իհարկե, գրողի եւ ընդհանրապես արվեստագետի անձնական եւ նույնիսկ մտերմականՙ սիրային ու սեռային կյանքի մանրամասները խիստ կարեւոր են նրա արվեստը հասկանալու, ճիշտ եւ ամբողջական մեկնաբանելու համար: Ճիշտ է նաեւ, որ մեր գրականագիտությունը նման խորությամբ եւ համակողմանիությամբ գրական ստեղծագործություններին մոտենալու փորձ շատ քիչ է կատարել, եթե կատարել է երբեւիցե: Սակայն առանց տվյալ արվեստագետի, այս պարագայում Վ. Թեքեյանի կենսագրությանը ծանոթ լինելու, առանց նրա ողբերգական ու տխուր կյանքի էության մեջ թափանցելու, առանց նրա ֆիզիկական հիվանդություններին ու տառապալից կյանքին ծանոթ լինելու հայտարարել, թե նա միասեռական է, ապացույց է սեռապես շեղված պարանոյիկ մտածողության, ինչը դրսեւորել է Վ. Գրիգորյանը իր բլոգում, վկայակոչելով, որպես մե՜ծ ապացույց, ամուսնական կյանքում ձախողված մի մարդու լույս տեսնելիք հոդվածը թե՞ ուսումնասիրությունը:
Ստորեւ, որպես արձագանք Վ. Գրիգորյանի, հրապարակում ենք Մայր աթոռի Հայորդյաց տների պատասխանատու վարդապետի գրությունը:
Հ. Ա.

Համաշխարհային պատմության մեջ ոչինչ չկա ավելի ցանկալի, քան «ազատություն» եւ «ժողովրդավարություն» հասկացությունները: Սակայն դրանք իմաստալի են, եթե իմաստն ու նշանակությունը իրական ճշմարտության սահմանում են, իսկ դրանից դուրս այդ նույն բառերն արժեզրկվում ենՙ նողկանքի աստիճանի: Ազատությունն ու ժողովրդավարությունը, ինչպես եւ յուրաքանչյուր գաղափար, կարող են օգտագործվել երկու իմաստովՙ դրական եւՙ բացասական: Երբ նպատակդ մարդկությանը կատարելության առաջնորդելն է, այդ բառերը ծառայում են գեղեցիկին, կամ, ինչու չէ, աստվածայինին, իսկ եթե նպատակը մարդկությանն կործանման առաջնորդելն է, ապա սադայելական կերպարանքով դիմակավորված «մարդասերներն» այդ բառերն օգտագործում են մարդուն տապալելու կատարելության գահից:
Այսօր մեծ է թիվը այն մտավորականների, որոնց ուղեղի բջիջները լեցուն են դրական ուժանյութով. բարություն, առաքինություն, ազնվություն արժեհամակարգերը մարդկային հոգիների մեջ սերմանելու այնպես, որ դրանք անպայմանորեն առողջ պտուղ տան: Սակայն, ցավոք, կան եւ այնպիսիներ, որոնց ուղեղների բջիջները, սպերմապատ լինելու պատճառով, ամեն ինչի մեջ տեսնում են կա՛մ տռփանք, կա՛մՙ միասեռականություն, ամեն բարոյական նրանց համար հակադեմոկրատական է, իսկ ամեն այլասերումՙ դեմոկրատական:
Վերջերս շատ պատահմամբ ինտերնետային կայքէջերից մեկում կարդացի Վիոլետ Գրիգորյանի «Միասեռական Թեքեյանը» հոդվածը: Ոչինչ կարող էր այնքան սարսափելի լինել, քան այդ աստիճան նվաստացուցիչ մոտեցումը այդ հանճարի, այդ մեծ, ուրույն, դժբախտ անձի նկատմամբ, որքան այդ ցածրացնող մակդիրը: Ո՞ւր է հասել հայ մտավորականը եւ ինչ աստիճանի, որ իր մեծությունների կենսագրությունն անգամ չիմանալով եւ նրանց վշտին անհաղորդՙ անտեղի պիտակավորմամբ նվաստացնում է իր իսկ ազգային արժեքները: Մեր իրականության մեջ չեն պակասել եւ չեն պակասում այնպիսի անորոշություններ, որոնք լծված են հերյուրելու, վատաբանելու, նվաստացնելու հայ մարդու դրական կերպարը: Դրանց «շնորհիվ» է, որ հայն սկսեց բնութագրվել որպես «դավաճան», «իրար չբռնող», «իրար քցող», «վախկոտ», «ազգուրաց», որովհետեւ նմանների համար հայի իսկական կերպարըՙ արի, նվիրյալ, քաջ, անվախ, ազնիվ, արդար..., ոչ միայն ցանկալի չէ, այլ նույնիսկ սարսափազդու:
Ես, որ ծառայության բերումով պաշտոնավարել եմ եվրոպական տարբեր երկրներում, որտեղ հայերի մասին միայն գովասանքի խոսքեր են ասվել եւ ասվում (հիշենք թեկուզ ԱՄՆ-ի նախագահի, Սիրիայի, Լիբանանի եւ այլ երկրների նախագահների, ֆրանսիայի Սենատի պատգամավորների որակումները հայերի մասին), արդեն իսկ պարզ է դառնում հայի բարոյական նկարագիրը, կերպարը, սակայն չգիտես ինչու եւ ինչպես, որոշ անորոշ ծագում ունեցողների կողմից հային իր անկախ հայրենիքում հայտարարել են անբարո, անազնիվ, ագահ, անկուշտ ... բավական չէ, հիմա էլ ոմանք, հեծած քառաձի ոսկե կառքը, հայությանն առաջնորդում են միասեռականության մայրամուտՙ իրականացնելով քաղաքական վտանգավոր ծրագիրըՙ «երիտասարդների մեջ սերմանել անբարոյականություն եւ վերացնել ընտանիքի գաղափարը»:
Այս պարագայում զարմանալի է, գործին լծվողը ոչ թե տղամարդ է, որը կանանցից կշտացած իր «հաճույքն» է փնտրում տղամարդկային մազոտ կրծքի վրա, այլՙ կին: Այն տպավորությունն ես ստանում, որ վերջինս, հայոց լեզուն սպանդանոց տանելուց հետո, այժմ էլ որոշել է հայ տղամարդու տղամարդկությունն առաջնորդել այնտեղ: Այդ իսկ պատճառով, ամեն բան, որ գեղեցիկ է, նրա համար գեղեցիկ չէ, այլՙ միասեռական:
Եվ ահա այս տրամադրությամբ սկսվում է թեքեյանափետումը հետեւյալ տողերով. «Թեքեյանի միասեռականության մասին խոսակցություններ, իհարկե, լսել էի, ու որպես դրա ապացույց էս հայտնի բանաստեղծությունն էր նշվում».
եւ գիտե՞ք որն է այդ բանստեղծությունը.
Կ՛անձրեւե, տղա՛ս, աշունը թաց է,
Թա՛ց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն...
Պատուհանն ու դուռը գընա գոցե
Եվ դեմս եկո՛ւր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ... Կ՛անձրեւե, տղա՛ս...:
Կ՛անձրեւե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կը մսի՞ սիրտըդ, եւ կդողդղա՞ս`
Խորհելով պայծառ արեւին անցյալ,
Դռան մը ներքեւ գո՜ց ճակատագրին...:
Բայց կուլաս, տղա՛ս... Մութին մեջ հանկարծ
Ծանըր արցունքներ աչքեդ կը գլորին...
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգետ տղա՛ս,
Խե՜ղ ճ որսը կյանքին, ա՛հ, լա՛ց, որ մեծնաս...:
Թերեւս ոմանց հայտնի չէ, որ Թեքեյանը զավակ չի ունեցել, իսկ այս բանաստեղծությունը երբեք չհայրացած հոր երկխոսությունն է իր երբեւէ ծնված զավակի հետ, «որբերու հայր» կոչված բանաստեղծի հորդորը իր պաշտպանյալ հայ որբուկի հետ: Եվ մեր այսօրվա «մոդեռն մտավորականը», փոխանակ ապրեր չհայրացած հոր ողբով, իր «փայլուն» երեւակայությամբ մարդկային ողբը վերածած անասնական կրքի, համարձակվում է մեղադրել ոչ միայն այդ դժբախտին, այլեւ բոլոր նրանց, ովքեր մինչ այդ «կուրացած»ՙ չէին «ճանաչել» Թեքեյանին այնպես, ինչպես հոդվածագիրը: Թերեւս մարդկանց իրական աչքերով նայելու համար սիլիկոնե արեւմտյան ակնոցներ են պետք... առանց այդ ակնոցներիՙ նորմալ մարդը թեքեյանական ներքոգրյալ բանաստեղծությունը այլ կերպ կհասկանա.
Ինչո՞ւ անունըդ այստեղ չկարենամ գրել ես
Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպե՜ս սիրեցի...
Երկու վանկերը անոր կը զրուցեմ գաղտնապես,
Եվ այն ամբողջ կը թվի սիրո մատյան մը ինծի...
Ո՛չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.
Այսինքնՙ այս տողերը ոչ թե արվամոլ մանյակի տենդագին գաղտնապահություն են, այլ մեկ աչքը կորցրած խեղճ մարդու ներքին ողբերգությունը, որն արդեն իսկ բարդույթավորված չէր կարողանում իր զգացմունքը համարձակորեն հայտնելու այն կնոջը, որը «կը թվի սիրո մատյան մը ինծի»: Եվ այս բոլորի մեջ, փոխանակ վերհանելու Թեքեյանի բարոյական մաքրությունն ու ազնվությունը, արվում է հակառակը, ազնվագույն սիրո զգացումը հայտարարվում է միասեռականություն: Ահա թե որքան է ապականված շքանշանակիր ուղեղը մտավոր ...
Արդեն ասացինք, թե ամեն մարդ ազատ է իր մտածումներն ու զգացումներն արտահայտելուՙ ապացուցելու համար, որ մենք էլ արեւմտյան արժեքների կրող ենք գոնե այդ մակարդակում: Ազատ է նույնիսկ Խաչիկի հյուրասեր աղջիկը, որն իր « իգությունը, մթերել է թանկ հյուրի համար», սփռել ում դեմ ուզում է եւ ինչպես ուզում է, կարող է որեւէ մեկին ասել «Համեցիր, վերցրու, անուշ արա, դե»ՙ այդ համարձակ կեցվածքով զարմացնելով նույնիսկ Շամիրամին, իր «Տաղ ի վերայ կլիտորիսոյ» տողերում կարող է «չար, խաղացկուն բալիկ» հայտարարել իր «անլուսամուտ խցիկ»-ին ու «վարդաշրթունք ...իկս»ՙ (նշելով կանացի օրգանի վուլգար անվանումը, իր գործն է, ցանկացողը թող կարդա, չցանկացողըՙ ոչ: Մեջբերումները հոդվածագրի բանաստեղծություններից են): Սակայն ամեն զավակ չունեցող մարդ չէ որ «տաղանդն» ունի իր «վարդաշրթունք ...»¬ին «խաղացկուն բալիկ» հայտարարելու, իսկ եթե ճշմարիտ բալիկի արժեքն իմացողին Աստված բալիկ չի տալիս, եւ նա ցավն իր սիրտում, իր երազած բալիկի երազով է ապրում («Կանձրեւե, տղա՛ս, աշունը թաց է»), որեւէ մեկն իրավունք չունի այդ մեծ երազողին միասեռական անվանելու:
Մի դատեք աշխարհը ձեր սիլիկոնված աչքերով:

No comments:

Post a Comment